Իտալիայում միանձնուհին երեխա է ունեցել և նրան անվանակոչել Ֆրանցիսկոս
Հռոմից 100 կմ հեռավորությամբ գտնվող Ռիետի քաղաքում երիտասարդ միանձնուհին մայր է դարձել։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ նա բուժօգնության է դիմել որովայնի սուր ցավի պատճառով։
Տեղի մենաստանի քույրերը կնոջը հեռու են պահում լրագրողներից։ Ծննդաբերության մասին լուրը տարածվել է մեկ օր անց։ Երեկ պարզ է դարձել, որ նա առողջ որդի է ունեցել՝ 3 կգ քաշով, և նրան անվանակոչել է Ֆրանցիսկոս։
Այդ անունով վերջին շրջանում նորածիններին անվանակոչում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատվին։
Հայտնի է, որ ծննդկանը 32 տարեկան է։ Նա ծնունդով Սալվադորից է։ Իտալիայում կինն ապրում է 16 տարեկանից։ Նրա հետ նույն մենաստանում գտնվում է քույրը։ Երեխային տվել են մոր ազգանունը, իսկ հոր մասին ոչ ոք ոչինչ չի լսել։
Մենաստանում պատմել են, որ վերջերս նա եղել է հայրենիքում, սակայն վերադառնալուց հետո ոչինչ չի պատմել և վերջին ժամանակաշրջանում հաճախ է առանձնացել՝ աղոթելու համար։ Շտապօգնություն հենց ինքն է կանչել, և միանձնուհիները ոչինչ չեն կասկածել։
Մենաստանի ղեկավարությունը շփոթմունքի մեջ է։ Ռիետիի եպիսկոպոսն ասել է, որ «գայթակղությանը չդիմացած» քույրը կհեռացվի մենաստանից, սակայն եկեղեցին պատրաստ է օգնել նրան երեխայի դաստիարակության հարցում։










