Ռուս գիտնականները մտադիր են բացահայտել կյանքի արարման գաղտնիքը
Մոտ ժամանակներս ռուս գիտնականներն Անտարկտիդայում կսկսեն ISON գիսաստղի փոշու մասնիկների հետազոտությունը: Հետազոտողները կուսումնասիրեն օրգանական նյութերի՝ մի մոլորակից մյուսը տեղափոխելու հնարավորության վարկածը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով Միջուկային ֆիզիկայի պետերբուրգյան ինստիտուտի գենետիկայի լաբորատորիայի աշխատակից Սերգեյ Բուլատին:
Փոշու մասնիկներ հավաքելու գործով զբաղվում են Վոստոկ անտարկտիկական կայանի բևեռախույզները: Հետազոտությունները կանցկացվեն ողջ հունվար ամսվա ընթացքում:
Սերգեյ Բուլատի խոսքով՝ գիսաստղի փոշու հավաքման գծագիրը հարկ է եղել փոփոխել աղբյուրի ոչնչացման պատճառով: 2012թ-ին ռուս աստղագետ Արտյոմ Նովիչոնկի և նրա բելառուս գործընկեր Վիտալի Նևսկիի կողմից հայտնաբերված C/2012 S1-ը (ISON) ամբողջովին ավերվել է նոյեմբերին՝ արևի ճառագայթների հետ շփումից:
Գիտնականները մտադիր են ճեղքել C/2012 S1 գիսաստղը ձյան վրա տեղակայված 150մ/ք տարածք զբաղեցնող պոլիեթիլենային կտորի վրա, այնուհետև այդ կտորները կլցվեն արգոնով, որպեսզի դուրս մղվի թթվածինը, և այն սառեցված վիճակում «Ակադեմիկ Ֆյոդորով» նավով կտեղափոխեն Պետերբուրգ:
Բուլատը նշել է, որ այդ մասնիկները հնարավոր կլինի տեսնել միայն լաբորատորիայում՝ մանրադիտակով: Գիսաստղի մասնիկները գիտնականների մոտ մեծ հետաքրքրություն են առաջացնում, քանի որ դրանք իրենցից ներկայացնում են Արեգակնային համակարգի հիմնական տարրերը: Նրանք հույս ունեն փոշու մասնիկներում գտնել օրգանական մոլեկուլներ, որոնք առնչություն ունեն կյանքի ծագման խնդրի հետ:










