Այստեղ Քոչարյանը շահող կողմ է. արձագանք Ղարաբաղից՝ 2-րդ նախագահ-կառավարություն հրապարակային բանավեճին
Tert.am-ը Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան-Կառավարություն հրապարակային բանավեճի մասին զրուցել է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ: Մասնավորապես, ի պատասխան հարցի, թե այն ի՞նչ արձագանք ունի Ղարաբաղում, և ո՞ր կողմին են պաշտպանում ԼՂ իշխանությունները, Հայկ Խանումյանն կարծիք հայտնեց, որ իշխանական տարբեր օղակներ կփորձեն ուշադիր հետևել ընթացող գործընթացներին, սակայն չեն խառնվի։ Այնուհանդերձ, նա հավելեց, որ «Արցախի իշխանությունները, բնականաբար, կպաշտպանեն ՀՀ գործող իշխանություններին»։
-Պարոն Խանումյան, Հայաստանում Քոչարյան-վարչապետ-կառավարություն «հարցուպատասխանը» դարձել է Հայաստանի թիվ մեկ ներքաղաքական թեման: Որոշները պաշտպանում են Քոչարյանին, մի մասը երկուսին էլ «սխալ է» համարում: Ձեր գնահատակա՛նը՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, մասնավորապես թե ում օրոք են սկսվել այդ արատավոր երևույթները, որոնց առկայության համար այսօր կողմերը միմյանց մեղադրում են:
-Կարծում եմ, որ այդ բանավեճում Ռոբերտ Քոչարյանը շահող կողմ է, քանզի իրականությունը հենց նրա կողմն է: Տնտեսական վիճակը Քոչարյանի ժամանակ զգալիորեն տարբերվում էր այսօրվա վիճակից, նրա իշխանության երկու տարիներին նույնիսկ արտագաղթը դադարել էր: Տիգրան Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը նման ցուցանիշներով չեն կարող հպարտանալ: Գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ իմ շփումները ցույց են տալիս, որ Քոչարյանի օրոք կային հստակ սահմանված խաղի կանոններ՝ ի հակադրություն հայաստանյան բիզնես միջավայրում առկա ներկա քաոսային վիճակի: Ի վերջո, ՀՀ տնտեսության մեջ մեծ ծավալով ներդրումներ կային, որոնք բացակայում են այսօրվա իշխանությունների ժամանակ: Շատերը սա բացատրում են տնտեսական կոնյուկտուրայով՝ նշելով, թե Քոչարյանի օրոք համաշխարհային ավելի բարենպաստ տնտեսական միջավայր կար, քան Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Սա բոլորովին չի նվազեցնում տնտեսական ձեռքբերումները: Այնուամենայնիվ պետք է նկատել, որ Հայաստանի չարիք դարձած օլիգարխիկ տնտեսությունը հզորացել է հենց Քոչարյանի իշխանության օրոք՝ ամբողջովին տիրանալով երկրին Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ:
-Արցախում ևս՞ հետևում են այդ հարցուպատասխանին և ի՞նչ տրամադրություններ ու արձագանքներ կան իշխանության մոտ ընդհանրապես և հասարակության մոտ, մասնավորապես բանավեճի բնույթի և պատճառների վերաբերյալ:
-Հատուկենտ հրապարակային արձագանքներ կան: Ոչ հրապարակային արձագանքները հատկապես շատ են: Չպետք է մոռանալ, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է նաև Արցախի նախկին նախագահը: Իմ շրջապատում շատ են մարդիկ, ովքեր թե՛ աշխատել են Քոչարյանի արցախյան թիմում կամ համակրանք ունեն նրա նկատմամբ, թե՛ եղել են Քոչարյանի և նրա արցախյան թիմի քաղաքական հակառակորդը: Բնականաբար այս մարդիկ տարբեր կարծիքներ ունեն ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահի ակտիվացման փաստի շուրջ: Հիմնականում այդ կարծիքները սուբյեկտիվ են և կրում են անցյալի հիշողությունները:
-Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե ՛ Սերժ Սարգսյանը ԼՂ Հ իշխանությունների շրջանում լուրջ կապեր և ազդեցություններ ունեն: Ըստ Ձեզ՝ եթե հակամարտությունն իրական է, ապա ԼՂ նախագահ Բակո Սահակյանը ո՞ր կողմին կպաշտպանի, և խնդրում եմ նաև Ձեր կարծիքը հայտնեք ԼՂ-ում առանցքային պաշտոններ ունեցող այլ անձանց, ինչպես նաև առանցքային կուսակցությունների վերաբերյալ:
-Արցախի իշխանությունները, բնականաբար, կպաշտպանեն ՀՀ գործող իշխանություններին, ավելին՝ նախագահ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը թիմակիցներ են: Քանի որ ընթանում է Բակո Սահակյանի նախագահության վերջին ժամկետը և Արցախում նախագահի իշխանական թեկնածուի անձը ճշտված չէ, ապա իշխանական տարբեր օղակներ կփորձեն ուշադիր հետևել ընթացող գործընթացներին, սակայն չեն խառնվի: Ինչ վերաբերվում է ընդդիմությանը և մասնավորապես «Ազգային վերածնունդ» կուսակցությանը, ապա մենք հայտարարել ենք, որ ՀՀ-ում մեզ դաշնակից ենք դիտում իրավական, ժողովրդավարական երկիր կառուցելու համար պայքարող բոլոր քաղաքացիներին և ողջունելու ու ուժերի ներածին չափով աջակցելու ենք բոլոր այն նախաձեռնություններին և կազմակերպություններին, որոնք նպատակ ունեն ուժեղացնել վերահսկողությունը իշխանության տարբեր թևերի նկատմամբ, նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանը, և որոնց համար հայության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է:
-Համարո՞ւմ եք, որ սա Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանության գալու հայտ է, և նա կփորձի դերակատարում ունենալ:
-Ընդհանրապես ես համարում եմ, որ դժբախտ է այն ժողովուրդը, որը զգում է նախկին ղեկավարների կարիքը: Ասածիս տրամաբանությունն այն է, որ իրար հաջորդող ղեկավարները պետք է մեկը մյուսից արդյունավետ լինեն և կարիք չլինի հետ նայելու: Սա է հուշում զարգացման տարրական բանաձևը: Սակայն շատ երկրներում, և հատկապես Հայաստանում, նախկին ղեկավարները բավականին պոպուլյար են, և մեծ քաղաքականություն վերադառնալու նրանց փորձերը բավականին հաջողված են: Եվ ինչքան շատ են լինում գործող իշխանությունների ձախողումները և ինչքան թույլ է լինում ոչ նախկին ղեկավարներից կազմված ընդդիմությունը, այնքան մեծ շանսեր են ունենում նախկին ղեկավարները: Չնայած Ռոբերտ Քոչարյանն անընդունելի գործիչ է մարդու և քաղաքացու իրավունքները գերադասող մեծաքանակ քաղաքացիների մոտ՝ այս ոլորտում նախկին նախագահի կոշտ քաղաքականության պատճառով, այնուամենայնիվ, 1998-2007թթ. տնտեսական աճն իրենց վրա զգացած քաղաքացիների մի մեծ խմբի համար էլ Քոչարյանը ղեկավարի ընդունելի կերպար է: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում իշխանության գալու հարցում կարևոր է ոչ այնքան ժողովրդի կարծիքը, քանի որ 1995թ.-ից այս կողմ ՀՀ-ում ազատ-արդար ընտրություններ գոյություն չունեն, այլ ուրիշ գործոններ, որտեղ Ռոբերտ Քոչարյանը զգալի ռեսուրսներ ունի: Այդ թվում բազմաթիվ նվիրված մարդիկ ներկա իշխանության մեջ:
-Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ասել էր, որ ընդունելի չի համարում «երկու նախագահների, երկու ղարաբաղցիների» պայքարը, և շատերը նաև նրա այս հայտարարության համատեքստում վստահ են, որ սա ընդամենը բեմականացված ներկայացում է, և որ իրականում ոչ մի հակասություն չկա: Ձեր կարծիքը:
-Ես չեմ կարծում, որ հակասությունը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև կհասնի անտագոնիզմի: Ընթանում է Սերժ Սարգսյանի նախագահության վերջին շրջանը և նախագահի պաշտոնի համար պայքարն արդեն պայքար չէ Սերժ Սարգսյանի հետ: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ունեն տարբեր թիմեր, որոնք մրցակցում են իշխանության համար: 2007թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում հաղթանակ էր տարել Սերժ Սարգսյանի թիմը, ինչն էլ զրկել էր Ռոբերտ Քոչարյանին մեծ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա վերջին յոթ տարիներին: Կարծում եմ, որ ՀՀ 2-րդ նախագահը կձգտի վերականգնել իր ազդեցությունը:










