Հաքերները մտել են Շենգենյան տեղեկատվական համակարգի բազա
Երկու հաքեր կարողացել են կոտրել Շենգենյան տեղեկատվական համակարգի (SIS) տվյալների բազան և պատճենել 1.2 մլն տվյալների ֆայլեր: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Օլե Շրյոդերը։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Deutche Welle-ին հղումով՝ Շենգենյան գոտու տվյալների բազայում տեղեկություններ կան հետախուզման մեջ գտնվող անձանց, անցանկալի անձանց, կասկածելի ավտոմեքենաների, կեղծ փաստաթղթերի մասին։
Անցյալ տարվա սկզբին համակարգում եղել է 46.5 մլն տվյալ։
Այս միջադեպը տեղի է ունեցել դեռևս 2012թ.-ին, սակայն հանրությանն այդ մասին չի տեղեկացվել։ Եվրահանձնաժողովը 2013թ.-ի մարտին այդ մասին տեղեկացրել է Շվեյցարիային, իսկ հետո՝ Շենգենյան գոտու այլ պետությունների։










