Շարժումը կարող է թափ առնել. Արամ Մանուկյանը` հասարակության և քաղաքական կուսակցությունների ակտիվացման մասին

12:30 • 19.01.14

Չորս քաղաքական ուժերի միասնական աշխատանքը երկրի մի շարք խնդիրների լավագույն լուծումն է, որի շնորհիվ միայն ստեղծված շարժումը կարող է թափ առնել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում «Դեմ եմ» նախաձեռնության անցկացրած հանրահավաքին, որին միացել էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 խմբակցությունները:


«Չորս քաղաքական ուժերի տրամադրությունները գիտեմ, կարող եմ երաշխավորել որ այդպես է: Դա ոչ միայն մեզ է ձեռնտու, այլ նաև՝ միավորվելու հույս է ներշնչում ժողովրդին ու հասարակական կառույցներին, այսինքն՝ միավորումը միավորում է բերում: Մենք էլ ուրախանում ենք, որ տեսնում ենք նման նախաձեռնություններ կան, նման երիտասարդներ կան, որոնք հրապարակ են իջել. հասարակությունը արձագանքում է, հետադարձ կապը կա: Առնվազն՝ պետք է խելոք չլինել, որպեսզի չօգտագործել այս հնարավորությունը»,-ասաց նա:


Արամ Մանուկյանը նաև նկատեց, որ ավանդաբար փետրվարն ու մարտը հայ ժողովրդի համար եղել են ամենաակտիվ ամիսները:
«Իհա´րկե, սա բացատրություններ էլ ունի, բայց պատմական հիմք էլ կա: Իշխանության նահանջն այնքան շուտ կլինի, ինչքան շատ լինի ժողովուրդն ու մեր միասնականությունը: Այս պահին դա հնարավոր չէ , բայց հանրահավաքը մեզ համար հիմք է, և այն ձնագունդ է դառնալու: Փետրվարը գալիս է, փետրվարը լավ ամիս է»,-ասաց նա և ընդգծեց, որ այսօր իրենք չպետք է բաց թողնեն ստեղծված հնարավորությունը:


Հարցին, թե, ի վերջո, չորս կուսակցությունների միասնական գործունեության դրդապատճառը ո՞րն էր՝ իշխանափոխությու՞նը, թե՞ սեփական շահերը, պատգամավորը պատասխանեց.


«Այստեղ հավաքված բոլոր քաղաքացիները մեր քաղաքական պայքարի մարտիկներն են, գրագետ, համարձակ երիտասարդներ են և դուրս են եկել իրենց իրավունքները պաշտպանելու: Որևէ այլ մոտիվացիա չկա: Կուսակցություններն էլ փորձված են, քաղաքական անցյալ ունեցող: Արդեն 4-5 ամիս է՝ մենք իրար հետ արդյունավետ աշխատում ենք խորհրդարանում: Ես մեր անցած տարվա գործունեությունը խորհրդարանում գերազանց եմ գնահատում, մենք միացել ենք ու մի մեխի ենք խփում: Ես լավատես եմ»,-ասաց նա: