Չինաստանը ներկայացրել է իր ազգային օպերացիոն համակարգը՝ СOS-ը, որն սպառնում է ետ մղել Android և iOS համակարգերը (տեսանյութ)

12:21 • 19.01.14

Չինաստանը ներկայացրել է իր ազգային օպերացիոն համակարգը՝ China Operating System (СOS)։ Մշակողները վստահեցնում են, որ նոր համակարգն ավելի ապահով և անվտանգ է, քան Android-ը, և ավելի ճկուն՝ ի տարբերություն iOS-ի։ Այն կոչված է մրցակցություն ներկայացնել այդ արտադրանքներին տեղական շուկայում։ Այս մասին գրում է hitech.newsru.com-ն։


Համակարգը մշակել է Չինաստանի գիտությունների ակադեմիային կից Ծրագրային ապահովման ինստիտուտը՝ Shanghai Liantong Network Communications Technology ընկերության հետ համատեղ։ Նախագիծը հաստատվել և ֆինանսավորվել է չինական կառավարության կողմից։


Համակարգի հեղինակները հույս ունեն, որ այն չի ունենա նույն խնդիրները, որոնք ունեն արտասահմանյան օպերացիոն համակարգերը։ Մշակողները վստահեցնում են նաև, որ СOS-ում այլ երկրների արտադրողների գաղտնալսման սարքեր տեղադրելու հնարավորություն չի լինի։


Բացի սմարթֆոններից՝ СOS-ը կարելի է օգտագործել նաև պլանշետներում և համակարգիչներում։ Ինչպես այլ օպերացիոն համակարգեր, այն նույնպես տալիս է իր հավելվածների խանութի հասանելիությունը, որտեղ արդեն մոտ 100 հազ. ծրագիր կա։
СOS-ի հիման վրա պատրաստված առաջին սարքավորումների վաճառքի ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվում։


 

Չինաստանը ներկայացրել է իր ազգային օպերացիոն համակարգը՝ СOS-ը, որն սպառնում է ետ մղել Android և iOS համակարգերը (տեսանյութ)