Լիբիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Լիբիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ զինված գրոհայինների խմբավորումների միջև բախումների պատճառով, որոնք շարունակվում են արդեն 2-րդ շաբաթը։ Այս մասին գրում է ИТАР-ТАСС-՝ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին հղումով։
Համապատասխան որոշումը կայացվել է Համընդհանուր ազգային կոնգրեսի արատահերթ նիստի ընթացքում, որը հրավիրվել է ռազմաօդային ուժերի վրա գործած հարձակումից հետո։
Ռազմաբազան գրավելու փորձի մասին տեղեկության ստացումից հետո օդ են բարձրացվել լիբիական բանակի ռազմական ինքնաթիռները։
«Ավիացիան շարժվել է բազայի ուղղությամբ և ոչնչացրել թիրախները»,- հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ Նա ավելացրել է նաև, որ բազայի վրա հարձակում գործածներին հետևել են, երբ վերջիններս փորձել են փախչել անապատ։
Լիբիայի հարավում միջցեղային բախումներն սկսվել են դեռևս հունվարի 10-ին։ Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ դրանց արդյունքում տասնյակ մարդիկ են սպանվել։










