Մարդու հետ զրուցելիս հասկանում ես` սա պրոֆեսոր է, սա էլ եղած-չեղած` մի հաշիվ. Փ. Միրզոյանը` պաշտոնյաների գիտական աստիճանի մասին

13:29 • 19.01.14

Արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի համար անհասկանալի է պաշտոնայների՝ գիտական կոչում ստանալու ձգտումը։ Ըստ նրա՝ վերջիններս հավանաբար՝ ընկնելով նորաձևության հետևից, հեղինակազրկում են այն սակավաթիվ մարդկանց, որոնք իսկապես իրենց նվիրում են գիտությանը։


«Անցած տարի էր՝ հեռուստացույցով լսեցի, որ 149 հոգի գիտական թեզ է պաշտպանել, պատկերցնո՞ւմ եք՝ դա ինչ թիվ է։ Սովետական ժամանակաշրջանում տարեկան 10-15 հոգի է թեզ պաշտպանել։ Ուղարկում էին Մոսկվա։ Ո՞վ էր ստանում, մինչև պրոֆեսորություն էինք ստանում, տարիներ էր անցնում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Միրզոյանը։


Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, տրասպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և այլ պաշտոնյանների՝ գիտական կոչում ստանալուն, Փարավոն Միրզոյանն ասաց. «Մինչև անգամ՝ չգիտեմ ինչ պատասխանեմ, կարևորը պաշտպանելը չէ, այլ այն, թե ինչ գիտես ու քեզնից ինչ ես ներկայացնում։ Դե՝ հիմա մոդա է երևի, որ ասեն՝ դոկտոր, պրոֆեսոր է»,-պատասխանեց նա։

Փարավոն Միրզոյանը նկատեց, որ դրանով հեղինակազրկում են պրոֆեսորներին։ «Բայց որ մարդու հետ զորուցում ես, հասկանում ես՝ սա պրոֆեսոր է , սա էլ եղած չեղած՝ մի հաշիվ»,-նշեց նա։

 


 

Մարդու հետ զրուցելիս հասկանում ես` սա պրոֆեսոր է, սա էլ եղած-չեղած` մի հաշիվ. Փ. Միրզոյանը` պաշտոնյաների գիտական աստիճանի մասին