2012-ի համեմատ նախորդ տարի գրանցված հանցագործությունների թիվն ավելացել է. 2013-ին գրանցվել է 18 հազ. 333 դեպք. ոստիկանություն

16:46 • 19.01.14

ՀՀ ոստիկանության հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 2013 թ-ին գրանցված հանցագործությունների թիվն աճել է 2557 դեպքով: Եթե 2012թ-ի 12 ամիսների տվյալներով գրանցվել էր հանցագործությունների 15 հազ. 776 դեպք, ապա 2013թ-ի նույն ժամակահատվածում՝ 18 հազ. 333 դեպք: Ըստ այդմ՝ աճել է նաև առանձնապես ծանր, ծանր, միջին ծանրության և ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվը:



Երևան քաղաքում նախորդ տարվա 12 ամիսներին գրանցվել է 9553 հանցագործություն նախորդ տարվա նույն ժամակահատվածում գրանցված 7999-ի նկատմամբ: Ինչ վերաբերում է մարզերին, ապա ամենաշատ թվով հանցագործությունները գրանցվել են Կոտայքում՝ 1408 դեպք, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 396 դեպքով: Լոռիում գրանցվել է հանցագործությունների1227 դեպ, Արմավիրում՝ 1223, Արարարտում՝ 1151, Շիրակում՝ 1125, Գեղարքունիքում՝ 816, Սյունիքում՝ 566, Տավուշում՝ 510, Վայոց Ձորում՝ 172:



ՀՀ ոստիկանությունը ներկայացնում է նաև «Զվարթնոց» օդանավակայանում կատարված հանցագործությունների թիվը: Դրանք ևս 2013թ-ին 2012թ-ի համեմատ ավելացել են 49 դեպքով՝ հասնելով 137-ի:

Նշենք, որ նախորդ տարի գրանցված 18 հազ. 333 հանցագործության դեպքերից միայն 6475-ը սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են, 4727-ը՝ մարդու դեմ ուղղված, 3121-ը՝ հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները և այլն: Կոռուպցիոն հանցագործությունների թիվը 2013թ-ին կազմել է 782, ինչը 221-ով ավելի է 2012-ի համեմատ: