Իրաքցի ահաբեկիչները ստանձնել են Վոլգոգրադի պայթյունների պատասխանատվությունը և սպառնացել Սոչիին
Իրաքյան ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Վոլգոգրադ քաղաքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:
«Անսար ալ-Սուննա» անվանումով կազմակերպությունը համապատասխան հայտարարություն է տարածել ինտերնետում, նշել, որ Վոլգոգրադում ահաբեկչություններն իրականացրել են ոմն Սուլեյման ու Աբդուռահման:
Իրենց հայտարարության մեջ նրանք նշել են, որ հաջորդ թիրախը լինելու են Սոչիի Օլիմպիական խաղերը:
«Անսար ալ-Սուննան» ռազմականացված միավորում է, որը բաղկացած է հիմնականում քրդերից և արաբ ինտերնացիոնալիստներից:
Ռուսաստանցի իրավապահները չեն մեկնաբանել իսլամիստների հայտարարությունը:
Դեկտեմբերի 29-ին և 30-ին Վոլգոգրադում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել էր 34, վիրավորվել 100 մարդ:










