«Բերկուտը» ստիպել է երկու երիտասարդի մերկ վազել Գրուշևսկու փողոցից մինչև Մայդան. ԶԼՄ-ներ (տեսանյութ)
Ուկրաինայի «Բերկուտ» հատուկ ջոկատի մարտիկները ստիպել են Կիրովոգրադից երկու շինարարի առանց հագուստի Գրուշևսկու փողոցից վազել դեպի Անկախության մայդան։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է 5-րդ ալիքի լրագրող Անդրեյ Կովալյովը, գրում է korrespondent.net-ը:
Անդրեյ Կովալյովի խոսքով՝ տղաները գիշերելիս են եղել Մուզեյնի նրբանցքում գտնվող շենքում, որտեղ ներխուժել են ուժայինները: Գիշերով նրանք երիտասարդներին դուրս են բերել փողոց: Այնուհետև նրանց մերկացրել են և ստիպել վազել դեպի Եվրամայդան՝ ծեծելով և սառը ջուր լցնելով նրանց վրա:
Կիրակի՝ հունվարի 19-ին, Անկախության մայդանում հանրահավաքից հետո ցուցարարների մի մասը շարժվել է դեպի Եվրոպական հրապարակ՝ Գերագույն ռադան և Կառավարությունը գրավելու նպատակով:
Այնուհետ Գրուշևսկու փողոցում բախումներ են սկսվել ցուցարարների և ներքին զորքերի մարտիկների միջև: Իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցաններ և պայթուցիկներ են օգտագործել: Ցուցարարներն իրենց հերթին ոստիկանների ուղղությամբ քարեր և Մոլոտովյան կոկտեյլներ են նետել: Նրանք 6 ոստիկանական տրանսպորտային միջոց են այրել:










