Մոսկվան չի կիսվում Սոչիում սպառնալիքների մասին ողջ տեղեկատվությամբ. ամերիկացի կոնգրեսականներ
ԱՄՆ Կոնգրեսի անդամները լուրջ անհանգստություն են հայտնել Սոչիի Օլիմպիական խաղերին իրենց հայրենակիցների անվտանգության հետ կապված՝ Մոսկվային անվտանգության հարցերով առավել սերտ համագործակցության կոչ անելով, գրում է dw.de-ն:
«Ըստ ամենայնի՝ մենք չենք ստանում ողջ անհրաժեշտ տեղեկությունը մեր մարզիկներին խաղերի ժամանակ պաշտպանելու համար»,- ասել է հանրապետական կոնգրեսական Մայք Ռոջերսը՝ Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունները Վաշինգտոնին չեն ներկայացնում սպառնալիքների, շրջանում գործող ահաբեկչական խմբավորումների մասին բավարար տվյալներ:
Ռոջերսը վստահություն է հայտնել, որ իրավիճակը պետք է փոխվի ամենամոտ ժամանակներում:
Կոնգրեսի անդամ Մայքլ Մաքքոլը՝ Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահը, Մոսկվայից ABC հեռուստաալիքի եթերում ասել է, որ պատրաստվում է Սոչի այցելել հունվարի 20-ին՝ անվտանգության հետ կապված իրավիճակը գնահատելու համար: Նա ընդգծել է, որ գոյություն ունեն լուրջ մտավախություններ Սոչիում անվտանգության մակարդակի առնչությամբ և որ պետք է դեռ շատ բան անել անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:










