Լազուրային ափին ջրհեղեղի պատճառով երկու մարդ է զոհվել

16:25 • 20.01.14

Էքստրեմալ եղանակային պայմանները Ֆրանսիայի հարավում խոշոր ջրհեղեղ են առաջացրել, որի հետևանքով երկու մարդ է մահացել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին: Վար շրջանի մի մասը կտրված է մնացել էլեկտրականությունից և ճանապարհներից:

 

Ջրի ամենաբարձր մակարդակը 20 սանտիմետր է, ինչը դարձել է Միջերկրական ծովի ավազանի այդ հատվածում գետերի լայնամասշտաբ վարարման պատճառ: Շրջանի ղեկավարությունն արդեն սկսել է բնակիչների տարհանումը և հայտարարություն է տարածել, որտեղ խորհուրդ է տվել բնակչությանը մնալ տանը, մինչև իրավիճակը չկարգավորվի: Միևնույն ժամանակ՝ Րիվյերայի ողջ տարածքում սկսել են փակվել խոշոր ճանապարհները:

 

Ներկայում խոշոր մագիստրալներից կտրվել է զբոսաշրջային Սան Տրոպե քաղաքը, ինչպես նաև Պրովանս շրջանում մի քանի գյուղեր: Հաղորդվում է, որ բնական աղետի պատճառով շրջանի երկու բնակիչ մահացել է, իսկ մեկը՝ անհետ կորել: