Իրանը դադարեցրել է մինչև 20% ուրանի հարստացումը

14:06 • 20.01.14

Իրանի իշխանությունները երկուշաբթի դադարեցրել են մինչև 20% ուրանի հարստացման գործընթացը՝ հետևելով անցած տարվա նոյեմբերին Ժնևում միջնորդ «վեցյակի» ու Թեհրանի միջև ձեռք բերված միջուկային համաձայնության պայմաններին։

 

Այս մասին տեղեկացնում է РИА-Новости-ն՝ վկայակոչելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Մուհամմադ Ամերիին։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին և նրա եվրոպացի գործընկեր Հելգա Շմիդը որոշել են, որ նոյեմբերի 24-ին ձեռք բերված պատմական միջուկային համաձայնության իրականացումը կսկսվի հունվարի 20-ից։

 

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է, որ միջուկային ծրագրի դադարեցման դիմաց պաշտոնական Թեհրանը հնարավորություն կունենա մաս-մաս ստանալ օտարերկրյա սառեցրած հաշիվներին գտնվող 4.2 մլրդ դոլարը. իսլամական պետությունը չէր կարողանում դրանք ստանալ արևմտյան պատժամիջոցների պատճառով։