Տեղի ունեցածն Ադրբեջանի ագրեսիվ, ծավալապաշտական նկրտումների հերթական դրսևորումն էր. Դավիթ Ջամալյան

20:32 • 20.01.14

Ադրբեջանը հավատարիմ է մնում իր գործելաոճին՝ դիվանագիտական կարևոր իրադարձությունից առաջ դիմում է նախահարձակ ագրեսիվ գործողությունների: Tert.am-ի հետ զրույցում վերջին դիվերսիոն հարձակումն այսպես մեկնաբանեց ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը և ընդգծեց, որ դա վկայում է ադրբեջանական կողմի ապակառուցողական կեցվածքի մասին:

 

«Դրանք կոչված են՝ ի ցույց դնելու Ադրբեջանի դիրքորոշումը՝ հակված չլինել հակամարտությունը կարգավորել խաղաղ բանացություններով, երկխոսության միջոցով: Տեղի ունեցածն Ադրբեջանի ագրեսիվ, ծավալապաշտական նկրտումների հերթական դրսևորումն էր»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը՝ 23:50-ից 00:15-ի սահմաններում, արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները ետ են շպրտել նրանց՝ պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ: Հայկական կողմը տվել է մեկ զոհ:

 

Հարցին, թե նման դիվերսիոն հարձակումները կարո՞ղ են մի օր հանգեցնել պատերազմական գործողությունների վերսկսկմանը, Դավիթ Ջամալյանը պատասխանեց, որ ադրբեջանական կողմն ունի մի որոշակի սահմանագիծ, որից այն կողմ չի անցնում իրականում, ինչպես ցույց է տվել փորձը:

 

«Այսինքն՝ ապակայունացման մի սահման կա, որից այնկողմ նրանք չեն անցնում. ադրբեջանական կողմն իրեն թույլ է տալիս նախահարձակ լինել և ապակայունացնող գործողությունների դիմել, բայց՝ միայն այդքանը, որովհետև գիտեն, որ Արցախի Պաշտպանության բանակը և Հայաստանի Զինված ուժերն այնքան մարտունակ են, որ ունակ կլինեն լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում արժանի հակահարված հասցնել և խաղաղություն պարտադրել թշնամուն: Այսինքն՝ ադրբեջանական կողմը շատ լավ գիտի, որ իր դեմ զսպող ուժ կա»,-ասաց նա:

 

Դավիթ Ջամալյանն ընդգծեց, որ միայն հպարտանալ կարելի է հայկական կողմի առաջապահ ստորաբաժանումների անձնակազմի հավասարակշռված գործողություններով:


«Ցավոք՝ զոհ ունեցանք, բայց, ընդհանուր առմամբ, նրանց համար իրենց ագրեսիան վերածվել է փոքրիկ աղետի, որովհետև ունեն կորուստներ, վիրավորներ»,-ասաց նա:

 

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները չեն հայտնում ադրբեջանական կողմի կորուստների մասին: Դավիթ Ջամալյանը նշեց, որ դա օրինաչափ է, քանի որ չեն ցանկանում, որ ադրբեջանական հասարակությունն իմանա իրենց ձախողման մասին:

 

«Նման դեպքերում նրանք պետք է փորձեն նոր պատճառներ որոնել, որով կհիմնավորեն իրենց կորուստները, փորձելու են քողարկել անհաջողության փաստը: Երևի իրենց նախարարությունում լարված ուղեղային գրոհ է տեղի ունենում ռազմական աղետը հանրությանն առավելագույնս նպաստավոր երանգներով մատուցելու ուղղությամբ: Նման դեպքերում նրանք կորուստների թիվը ներկայացնում են՝ ժամանակի մեջ բաժանելով ու դրանց տարբեր պատճառներ վերագրելով»,-ասաց նա:

 

Ռազմական փորձագետը վստահեցրեց, որ եթե խոսենք առաջնային գծում տիրապետող լինելու մասին, ապա պետք է ընդգծել, որ հայկական կողմը ո´չ միայն պատժիչ, այլ նաև՝ կանխարգելիչ գործողություններ է իրականացնում սահմանին:

 

Դավիթ Ջամալյանն առանձնակի շնորհակալություն հայտնեց հայ զինվորներին, սպաներին ու նրանց ծնողներին:


«Նրանք կարող են հպարտանալ իրենց տղաներով: Իսկապես զինվոր տղաներ են, հայրենիքի պաշտպան են, իրենց դրսևորել են կազմակերպված ու հավասարակշռված, խուճապի չեն մատնվել: Ցավակցում եմ զոհվածի ընտանիքին և ուզում եմ ասել, որ իրենց որդին հերոս է: Շնորհակալ ենք, որ նման որդի են դաստիարակել: Նրա և մյուս զինվորների բանիմաց պահվածքի շնորհիվ թշնամին չի կարողացել առաջխաղացում ունենալ»,-ասաց նա: