Կիևի անկարգությունների հետևանքով տուժածների թիվն անցնում է 200-ը
Կիևի կենտրոնում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների ընթացքում վիրավորների թիվը գերազանցել է 200-ը, գրում է lenta.ru-ն: Այդ մասին վկայում են Ներքին գործերի նախարարության և Կիևի քաղաքապետարանի տվյալները:
Քաղաքային վարչակազմի տվյալներով՝ հունվարի 20-ի առավոտյան ժամը 6-ի դրությամբ շտապ բուժօգնության բրիգադներին է դիմել բողոքի ակցիայի 103 մասնակից: Նրանցից 43-ը հոսպիտալացվել է: Չորս մարդ ստացել է ծանր վնասվածք (աչքի և վերջույթների վնասվածքներ), իսկ մնացածները՝ թեթև վնասվածքներ։
Իր հերթին՝ Ներքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ բախումների հետևանքով վիրավորվել է շուրջ 100 աշխատակից, որոնցից 61-ը հոսպիտալացվել է: Նրանց մոտ ախտորոշվել են գանգուղեղային փակ վնասվածքներ, կոտրվածքներ, թեթև վնասվածքներ և թունավորումներ անհայտ նյութերից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 100 վիրավորի մասին։










