Այդքան հայրենասեր էր, թող իր տղային բանակ ուղարկեր. հարսը՝ բանաստեղծ սկեսրայրի մասին
Բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանի հարսը դիմել է Tert.am-ի խմբագրություն՝ խնդրելով հրապարակել իր պատասխանը սկեսրայրի՝ օրերս հնչեցրած հայտարարությունը։ Լիլյա Ղուկասյանին, մասնավորապես, վրդովեցրել է բանաստեղծի այն արտահայտությունը, որ «իր թոռը ծառայում է իր հայրենիքին. կենդանի կմնա՝ հայրենիքի հոտաղ կլինի, կզոհվի՝ հայրենիքին մատաղ կլինի»։
«Ինքն իրավունք չունի նման արտահայտություն անել այն դեպքում, երբ ինքն իր մի տղային չի ուղարկել ծառայության, մյուսի դեպքում էլ ամեն ինչ արել է, որպեսզի առաջնագծում չհայտնվի: Այդքան հայրենասեր էր, թող իր տղային ուղարկեր ծառայության»,-ասաց նա՝ վրդովված ավելացնելով, թե ոչ մի մայր, որի տղան ծառայում է բանակում, այն էլ՝ սահմանամերձ գոտում, չի կարող համակերպվել նման արտահայտության հետ։
«Ցանկացած բարոյական և իրեն հարգող պապիկ ինքն է առաջին հերթին՝ մատաղ լինում իր թոռնիկներին և հայրենիքին, իսկ այդ մարդը մինչև իր թոռնիկները երկու տղա էլ ունի, թող նրանց մատաղ անի: Զինվորի համար աղոթում են, որ նա բարով վերադառնա, ոչ թե մատաղ են անում»:
Լիլյա Ղուկասյանը նաև ասաց, թե Մերուժան Հովհաննիսյանը որևէ կապ չի ունեցել, որևէ լծակ չէր կարող աշխատեցնել, ինչը, իր կարծիքով, կաներ իրեն հարգող ցանկացած պապիկ:
«Իմ տղան շատ պատահական հայտնվել է Ղարաբաղում, իսկ այդ պապիկը ոչ մեկի աչքին չբարձրացավ այդ արտահայտությամբ, նորմալ պապիկն առաջին հերթին՝ իր զինվորին բարի վերադարձ կմաղթեր, ոչ թե կմեջբերեր այդ անիմաստ տողերը»,–ասաց նա և ավելացրեց. «Այդ տողերից հետո ես իր հետ չեմ շփվում: Ես դա մինչև մահ չեմ մոռանա, դա ցինիկ արտահայտություն է, այն էլ՝ այս պահին ծառայող զինվորի համար»։










