Դժվար տարիք. 65 տարեկանից բարձր 7 հաջողակ մոդելներ (լուսանկարներ)
Մոդել և ոճաբան Լինդա Ռոդինը վերջերս դարձել է The Row ապրանքանիշի դեմքը. դա արտասովոր չէր լինի, եթե մի փաստ չի լիներ՝ նա 65 տարեկան է։ Buro247.ru պորտալը որոշել է հիշել այն մոդելներին, որոնց տարիքը բոլորովին էլ չի խանգարում նրանց լինել հաջողակ և պահանջված։
Թեև մոդելային աշխարհն անվանում են բիզնես երիտասարդների համար, բազմաթիվ տարեց կանայք կոտրում են այդ կարծրատիպերը՝ ապացուցելով, որ գեղեցիկ կարելի է լինել ցանկացած տարիքում, և ժամանակի ընթացքում գեղեցկությունը «չի խամրում», այլ պարզապես փոխվում է, անցնում նոր աստիճանի։
Դաֆնա Սելֆ (84 տարեկան)
Ամենատարեցն է բոլոր գործող մոդելներից։ Նա ծնվել է 1930-ին, իսկ աշխատել սկսել է 1950-ից։ 1998-ին նա պայմանագիր է կնքում Models 1 գործակալության հետ, և նրա կարիերան սկսում է վերելք ապրել։ Դաֆնան նկարահանվել է Moschino, Dolce&Gabbana, Nivea, Gap ընկերությունների գովազդային արշավներում։

Չինա Մաչադո (83 տարեկան)
Չինա Մաչադոն երիտասարդ տարիներին եղել է Յուբեր Ժիվանշիի և Ռիչարդ Ավեդոնի մուսան։ Նա թերահավատորեն է նայում ժամանակակից մոդելներին՝ «Այդ խեղճ աղջիկները գալիս են կարճ ժամանակով, հետո նրանց դեն են նետում։ Երբ ես աշխատում էի Givenchy-ում, հագուստը երբեմն կարում էին անմիջապես մոդելների վրա, և մենք իսկապես հպարտանում էինք այդ հագուստով, այդ պատճառով էլ յուրահատուկ ձևով էինք ներկայացնում»։ 83 տարեկան հասակում նա դարձել է ամերիկյան Cole Haan ապրանքանիշի դեմքը։

Կարմեն Դելլ՛ Օրեֆայս (83 տարեկան)
Կարմեն Դելլ՛ Օրեֆայսը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար կարիերայով մոդել։ Նա աշխատում է մոդելային ոլորտում 15 տարեկանից:

Ժաքլին Մերդոք (83 տարեկան)
Դժվար է Մերդոքին անվանել մոդել. ամբողջ կյանքում նա եղել է պարուհի, սակայն միշտ երազել է դառնալ մոդել։ Նրա երազանքն իրականացել է միայն 82 տարեկանում, երբ նրան հրավիրել են նկարահանվել Lanvin նորաձևության տան գովազդում։

Գիտտե Լի (79 տարեկան)
Դանիացի Լին իր մոդելային կարիերան սկսել է 1961-ին, եղել է դերասանուհի, ամուսնացել է դերասան Քրիստոֆեր Լիի հետ, և երջանիկ ընտանեկան 50 տարվա կյանքից հետո կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։

Լորեն Հաթոն (70 տարեկան)
Հաթոնը 70 տարեկան է, սակայն միայն 2013-ին նա նկարահանվել է 3 ամսագրերի շապիկների համար՝ Muse, The Edit և իսպանական Harper's Bazaar։ Նա դասական ամերիկացի գեղեցկուհի է, ով միայն Vogue US ամսագրի շապիկի համար լուսանկարվել է ռեկորդային քանակությամբ՝ 26 անգամ։ Մինչ օրս նկարահանվում է ամսագրերի և գովազդային արշավների համար։

Լինդա Ռոդին (65 տարեկան)
Լինդա Ռոդինը հայտնի է ոչ այնքան որպես մոդել, որքան ոճաբան, Harper's Bazaar-ի նախկին խմբագիր և մաշկի խնամքի սեփական շարքի հիմնադիր։ Որպես մոդել նա աշխատել է ընդամենը մի քանի տարի՝ 18 տարեկանում տեղափոխվելով Իտալիա։ Կարիերայի ավարտից 40 տարի անց նա վերադարձել է՝ դառնալով The Row ապրանքանիշի դեմքը։










