Օբաման կարծում է, որ որոշ ամերիկացիներ չեն սիրում իրեն մաշկի գույնի պատճառով
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ որոշ ամերիկացիներ իր նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն իր ռասայական պատկանելության պատճառով: Այդ մասին նա ասել է New Yorker ամերիկյան շաբաթաթերթին տված հարցազրույցում:
«Կասկած չկա, որ որոշ մարդիկ ինձ չեն սիրում, քանի որ նրանց դուր չի գալիս այն փաստը, որ ԱՄՆ-ի նախագահը սևամորթ է»,- հայտարարել է Օբաման: Թերթը հիշեցնում է, որ 2008 թվականի ընտրություններին սպիտակ ընտրազանգվածն Օբամային նշանակալի աջակցություն է ցուցաբերել, սակայն 2012 թվականին աջակցության մակարդակը նշանակալիորեն անկում է գրանցել:
Նախագահի խոսքերը միանգամից արժանացել են որոշ վերլուծաբանների քննադատությանը: Նրանց խոսքերով՝ Օբաման պարզապես փորձում է արդարացում գտնել այն բանին, որ ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են դժգոհ իր վարած քաղաքականությունից:
Բարաք Օբամայի ժողովրդականությունն անցած տարվա ընթացքում նշանակալիորեն անկում է ապրել: Վերջին հարցումների համաձայն՝ նրա քաղաքականությունը ողջունում է ընտրողների միայն մոտ 40 տոկոսը:










