Հղիության ընթացքում կնոջ տարած սթրեսն ավելացնում է երեխայի՝ միասեռական դառնալու հավանականությունը. պնդում նոր գրքում
Հոլանդացի նյարդաբան Դիկ Սվաբն իր նոր՝ «Մենք մեր ուղեղն ենք» (We Are Our Brains) գրքում պնդում է, որ հղի կնոջ կենսակերպը, ինչպես նաև 9 ամսվա ընթացքում տարած սթրեսները կարող են ապագայում ազդել երեխայի սեռական կողմնորոշման վրա։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Սվաբն այն կարծիքին է, որ սթրեսը, ալկոհոլի, ծխախոտի ու թմրանյութեր պարունակող դեղամիջոցների օգտագործումը հղիության ընթացքում փոխում է պտղի հորմոններն ու նրա ուղեղի կառուցվածքը։
Մասնագետը բացատրել է, որ հղիության ընթացքում սթրեսի ենթարկվող կնոջ օրգանիզմում ավելանում է կորտիզոլ կոչվող հորմոնի քանակը, որն ուղղակիորեն ազդում է պտղի սեռական հորմոնների արտադրության վրա։
Պրոֆեսորի կարծիքով՝ երեխայի սեռական կողմնորոշումը որոշվում է դեռևս մայրական արգանդում ու հետագայում չի կարող փոփոխվել, մինչդեռ այլ մասնագետներ անընդունելի են համարում այս տեսակետը՝ հակադարձելով, որ սեռական կողմնորոշման հարցում մեծ դեր ունի դաստիարակությունն ու անձի կենսակերպը։










