Նման հերոսների շնորհիվ Արցախն ընդմիշտ հայկական է լինելու. ԱԺ փոխնախագահ

14:34 • 20.01.14

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Փարիզում հունվարի երկրորդ կեսին նախատեսվող հանդիպման նախօրեին Ադրբեջանը դիմում է անթույլատրելի արարքի, ինչը հերթական հարվածն է հասցնում ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացին:


Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ԼՂՀ-ի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրված հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերին. դիվերսիոն գործողությունների հետևանքով հայ զինծառայող է զոհվել:


«Ռազմական դիվերսիայի նման փորձերն Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականության արդյունքն են, և միջնորդ երկրները պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն այսկերպ սպառնալիքի տակ է դնում հակամարտության խաղաղ հանգուցալուծումը: Համոզված եմ, որ հակառակորդի արկածախնդրության ցանկացած փորձ կանխվելու է և կոշտ պատասխանի է արժանանալու»,- ասել է ԱԺ փոխնախագահը:


Հ.Գ. Հավերժ փառք Արմեն Հովհաննիսյանին: Հայրենիքի նման հերոսների շնորհիվ Արցախն ընդմիշտ հայկական է լինելու: