Ուկրաինայի ընդդիմությունը «վիշապային» օրենքների հարցում զիջումների է հասել
Ուկրաինայի ընդդիմությունը վերջերս Գերագույն ռադայի իշխանական պատգամավորների կողմից ընդունված և մեծ արձագանք ստացած օրինագծերի հարցում հասել է զիջումների, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով РБК-Украина-ին, որն էլ վկայակոչել է «Բատկիվշչինա» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անդրեյ Պավլովսկուն:
«(Իշխանությունների հետ) Բանակցություններ սկսելու պայմանը գրաքննության և հետապնդումների մասին «վիշապային» օրենքները չեղյալ համարելն է: Սկզբնապես իշխանությունները համաձայնություն են տվել չտպագրել օրենքները: Այդ ժամանակ դրանք ուժի մեջ չեն մտնի»,- հայտարարել է պատգամավորը: Հետագայում, նրա խոսքով, ընդդիմությունը մտադիր է վերացնել բոլոր այդ փաստաթղթերը:
Պավլովսկու խոսքերն իշխանության ներկայացուցիչների կողմից դեռևս չեն հաստատվել:
Նշենք, որ այս օրինագծերի ընդունման պատճառով Կիևի կենտրոնում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների ընթացքում վիրավորների թիվը գերազանցել է 200-ը։










