Ուկրաինայում բախումների հետևանքով վիրավորների թիվն անցնում է 100-ը (թարմացված, տեսանյութ)
Կիևում երեկ իրավապահների հետ բախումներից հետո հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 24 ցուցարար, հայտնում է ռուսական lenta.ru կայքը:
Ուկրաինայի ՆԳՆ-ն, իր հերթին, հայտնել է 70 տուժած աշխատակիցների մասին: Նրանցից 49-ը հոսպիտալացվել է: Տուժածների մոտ ախտորոշվել են գանգուղեղի փակ վնասվածք, կոտրվածքներ, թունավորումներ անհայտ նյութերից և այլն:
Միևնույն ժամանակ Vesti.ru կայքը հայտնում է, որ Ալեքսանդրովյան հիվանդանոցում աշխատանքի են կանչվել բոլոր բժիշկները: Տուժածների թվում նռնակներից և տրավմատիկ զենքերի փամփուշտներից վնասվածքներ ստացած մարդիկ կան, այդ թվում՝ լրագրողներ: Տեղեկություն կա առնվազն հինգ վիրավոր լրագրողի մասին:
Ըստ կայքի տեղեկությունների՝ վիրավորվել է նաև Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Պարուբին։
Իրավապահների փոխանցմամբ՝ մեկ տասնյակ ակտիվ ցուցարար է ձերբակալվել, ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել, հարուցվել է քրեական գործ:
10.40 Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, Կիևում բախումների հետևանքով վիրավորների թիվն անցնում է 100-ը։










