Դատարանն ամեն կերպ հովանավորում է Ոստիկանությանը. Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
Դատարանն իր գործողություններով ամեն կերպ փորձում է հովանավորել Ոստիկանությունը: ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցած դատավարությունից հետո դատարանի գործողությունների մասին այսպիսի տեսակետ հնչեցրեց «Armenia Today» կայքի համակարգող, հասարակական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը:
Նշենք, որ այսօր ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Ռ. Խանդանյանի նախագահությամբ նիստին քննվեց ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:
Պատասխանող կողմը՝ Արգիշտի Կիվիրյանը, պահանջեց գործի վերաբերյալ հրապարակայնություն ապահովվելու համար լրագրողներին թույլ տալ տեսանկարահանում իրականացնել, ինչը, սակայն, դատարանը մերժեց՝ պատճառաբանելով, թե հայցվոր կողմը կաշկանդվում է տեսանկարահանող սարքերի առկայությունից:
Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանը միջնորդություն ներկայացրեց՝ ասելով, թե պահանջում են տեսանկարահանում. «Հակառակ դեպքում իմ պաշտպանյալը կկաշկանդվի»:
«Եթե ոստիկանության ներկայացուցիչը հայտարարում է, թե ինքը կաշկանդվում է տեսագրությունից, հարց է առաջանում, թե ինքն ո՞վ է, կարո՞ղ է մանկապարտեզի սաներ են»,-հայտարարեց Արգիշտի Կիվիրյանը:
Պատասխանող կողմի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց: Դատարանի որոշմամբ հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին:
«Իմ դեմ հայց է ներկայացվել ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու մեղադրանքով»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի կողմից Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ հայտարարությունից հետո Բաղրամյան 26 հասցեում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի ժամանակ ոստիկանության բաժին բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ: Արգիշտի Կիվիրյանը պնդում է, որ ինքը գնացել է Արաբկիրի ոստիկանության բաժին, տեղեկանալու բերման ենթարկվածների ճակատագրով, իսկ ոստիկաններն իրեն բռնի ուժով տարել են ներս:










