Պատմությունը վարչախմբին գնահատական կտա, որ իր օրոք դատապարտվել է Հմայակ Հովհաննիսյանը. Հ. Հովհաննիսյան
Քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով իր դատապարտվելու և համաներվելու կապակցությամբ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասում է, որ այս վարչախմբին պատմության գնահատականը կտրվի նաև ելնելով այն հանգամանքից, որ այդ վարչախմբի օրոք դատապարտվել է Հմայակ Հովհաննիսյանը:
Tert.am-ին հետ զրույցում Հայաստանի քաղաքագետների միության նախագահն ասաց, որ դա այս վարչախմբի կոպտագույն սխալն է և հիմա պետք է փորձի ինչ-որ կերպ այդ խարանը իր ճակատից մաքրել:
«Հմայակ Հովհաննիսյանը քսան տարի… Հմայակ Հովհաննիսյանին Լիսկայի կերպարով, ինչ-որ մի ֆիզիկական բռնություն կիրառող մարդու կերպարով ներկայացնելը, այն դեպքում, երբ Հմայակ Հովհաննիսյանն ինքն է ենթարկվել բռնության, սկսած՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ից... ով լսել է Կարեն Դեմիրճյանի ձայնը, որ «տղաներ, այսպես հարցեր չեն լուծվում», բա ես պետք է մա՞րդ հրեի»,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ ամփոփելով, որ այդ կերպարն անհարիր է իր կերպարին, կենսագրությանն ու անցած ճանապարհին:
Նշենք, որ այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հմայակ Հովհաննիսյանին դատապարտել է 100.000 դրամի չափով տուգանքի՝ նրան մեղավոր ճանաչելով անզգուշությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար և միաժամանակ կիրառել է համաներման մասին ՀՀ ԱԺ որոշումը:
Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանի դեմ քրեական գործ էր հարուցվել 2012 թ. ապրիլի 21-ին, երբ նա լինելով ԱԺ պատգամավորության թեկնածու, քարոզարշավի օրը փորձել է մտնել իր նախընտրական շտաբ, սակայն դեմ հանդիման է դուրս եկել «Հայհիդրոնախագիծ» ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանը: Վերջինս այդ օրը հայտնել է, որ ՀՔՄ տարածքը պատկանում է իրեն, քանի որ դեռ նույն տարվա հունվար ամսին ձեռք է բերել Սարյան 33 հասցեում գտնվող ՀՔՄ գրասենյակի վերևի երկու հարկերը զբաղեցնող «Հայէներգոինստիտուտի» բաժնետոմսերը:
Սրանից հետո, ըստ նախաքննության, Սենիկ Ջուլհակյանը ստացել է միջին ծանրության վնաս, թեև Հմայակ Հովհաննիսյանը և՛ նախաքննության ընթացքում, և՛ դատարանում մշտապես հայտարարում էր, որ մատով չի դիպչել Ջուլհակյանին, ֆիզիկական շփման մեջ չի գտնվել նրա հետ:
Անդրադառնալով իր՝ դատապարտված լինելու հանգամանքին՝ ՀՔԱ նախագահը նախ քաղաքական գնահատականներ տվեց՝ նշելով, որ ՀՀ որևէ իշխանություն դեռ չէր գնացել իրեն դատապարտելու քայլին:
«Որևէ մեկի մտքով չի անցել քրեական գործ հարուցել և դատապարտել մարդու, ով եղել է ընդդիմադիր՝ Տեր-Պետրոսյանի վարչախմբի օրոք, եղել է ընդդիմադիր՝ Ռոբերտ Քոչարյանի վարչախմբի օրոք, որևէ մեկի մտքով չի անցել… Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք որպես շատ սուր վերլուծություններով ու գնահատականներով, սկզբունքային քաղաքագետ, ... եղել են փորձեր, ճնշումներ, եղել է նույնիսկ խուզարկության դեպք, երբ մեկնում էի Անդրկովկասի գծով Պետդումայի փորձագետի կարգավիճակով և տանում Ցեղասպանության մասին նյութեր, որից հետո Պետդուման 90-ամյա տարելիցի առիթով ճանաչեց Ցեղասպանությունը…, բայց որևէ մեկի մտքով չէր անցնում դատապարտել »,-վերհիշեց ՀՔԱ նախագահը:
Անդրադառնալով դատավարությանը՝ ՀՔԱ նախագահը հավելեց, որ բողոքարկելու է դատական որոշումը և բողոքարկման ճանապարհով գնալու է մինչև Մարդու իրավունքների դատարան:
«Քանի որ տխմարություն է հաշվի չառնել այն, որ երբ այս քրեական գործն իմ դեմ հարուցվեց, ես պատգամավորության թեկնածու էի, և դրա ենթատեքստերը քաղաքական են: Փաստորեն, ես տուժող էի, որովհետև ինձ, որպես պատգամավորության թեկնածուի, խոչընդոտում էին՝ փորձելով արգելափակել իմ մուտքը իմ նախընտրական շտաբ՝ քարոզարշավի 14-րդ օրը: Եվ ինչպես ես դատարանում երեկ ասացի՝ իմ դեմ նախապատրաստվել է ժողովրդական լեզվով ասած՝ «պոդլյանկա»»,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Նա որպես դատաքննության ամենաաղաղակող խայտառակություն որակեց այն, որ որպես վկա չեն դատակոչվել այն անձինք, որոնք «երկու կետից» իրեն տեսանկարահանում էին, և այն դեպքում, երբ տեսահոլովակը կա:
«Ինչու չի՞ դատակոչել. որ հարց չտան՝ ի՞նչ իրավունքով եք Դուք հավաքվել պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի շտաբի դիմաց և նրան նկարահանում: Ինչ է՝ նախօրոք գիտեիք, որ պետք է ինչ-որ միջադե՞պ լիներ»,-հարցրեց Հմայակ Հովհաննիսյանը:
ՀՔԱ նախագահը նաև վիրավորված է, որ դատավորն իր կենսագրությունը կարդալիս բաց է թողել այն մասը, որ նա ԱԺ 2-րդ և 3-րդ գումարումների պատգամավոր է եղել և ընտրվել է նաև 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր:










