Իրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են աշխատել դիվանագիտական հարաբերությունների լավացման ուղղությամբ

20:45 • 21.01.14

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը երեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Ջավադ Զարիֆի հետ: Նրանք պայմանավորվել են աստիճանաբար կարգավորել դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով բրիտանական արտաքին գերատեսչության ղեկավարին:


Բացի այդ` նախարարները խոսել են Թեհրանի կողմից «վեցնյակի» հետ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման մասին: Ըստ այդ պայմանագրի` Իրանը պարտավորվել է ուրանը չհարստացնել ավելի քան 5%-ով, իսկ կես տարի հետո վերացնել բոլոր միջուկային նյութերը, որոնք հարստացվել են մինչև 20%-ով:


Բացի այդ` Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացման նոր կենտրոնների շինարարությունը և հարստացնող ցենտրիֆուգների տեղադրումը: Նախարարները քննարկել են նաև սիրիական հակամարտությունը: