ՄԱԿ-ը հետ է կանչել «Ժնև-2»-ին Իրանի մասնակցության հրավերը

10:37 • 21.01.14

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երեքշաբթի հետ է կանչել Իրանին ուղարկված Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովին մասնակցության հրավերն այն բանից հետո, երբ Թեհրանը հրաժարվել է աջակցել 2012 թվականին Ժնևում առաջին բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, գրում է Взгляд-ը:

 

«Բան Կի Մունը շարունակում է կոչ անել Իրանին միանալ «Ժնև-1»-ի կոմյունիկեի հարցով գլոբալ կոնսենսուսին: Գլխավոր քարտուղարը որոշում է կայացրել, որ Մոնտրյոյում հանդիպումը կանցնի առանց Իրանի մասնակցության»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Մարտին Նեսիրկին:

 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հաստատել է իր մասնակցությունը «Ժնև-2»-ին:

 

«Մենք գնահատում ենք մեր դիրքորոշմանն ըմբռնումով մոտենալը: Մենք կարծում ենք, որ նրանք ճիշտ որոշում են կայացրել: Հաստատում ենք մասնակցությունը հունվարի 22-ին»,- հայտնել է Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Մոնզեր Ակբիկը:

 

Ավելի վաղ Բան Կի Մունը հայտնել էր, որ շտապ բանակցություններ են ընթանում Սիրիայի հարցով համաժողովին Իրանի մասնակցության հարցի շուրջ:


Սիրիայի ընդդիմությունը հայտարարել էր, որ կմասնակցի դրան, եթե Իրանի հրավերը հետ կանչվի: