Ճապոնական ավիաընկերությունը ներողություն է խնդրել «ռասիստական» գովազդի համար (տեսանյութ)
Ճապոնական All Nippon Airways ավիաընկերությունը ներողություն է խնդրել «ռասիստական» գովազդի համար, որը ծաղրում է արևմտյան քաղաքակրթության ներկայացուցիչներին, գրում է Газета-ն՝ հղում անելով The Daily Mail-ին։
Պարբերականի տվյալներով` ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ կփոխեն գովազդային հոլովակը՝ պնդելով, որ դրանով չեն ցանկացել վիրավորել ոչ ոքի։
Շաբաթ օրն ավիաընկերությունը սկսել էր հեռարձակել նոր 30 վայրկյան տևողությամբ հոլովակ, որը պատմում է Հանեդա օդանավակայանի միջազգային չվերթների գրաֆիկի լավացման մասին։
Գովազդում օդանավակայանի աշխատակիցների հագուստով երկու տղամարդ քննարկում են, թե ինչպես կարող են բարձրացնել ավիաընկերության հեղինակությունը՝ որպես միջազգային փոխադրողի։ Նրանցից մեկն առաջարկում է «փոխել ճապոնացի ժողովրդի կերպարը», ինչին մյուսը համաձայնվում է՝ այդ պահին հայտնվելով բաց գույնի կեղծամով և բավականին երկար քթով։
Հոլովակն իրարանցում է առաջացրել Ճապոնիայում սոցկայքերի օգտատերերի շրջանում, իսկ ընկերությունը բազմաթիվ զանգեր է ստացել՝ գովազդի վերաբերյալ բողոքներով և ռասիզմի մեղադրանքներով։










