Վիտալի Կլիչկոն հայտարարել է Կիև բերված սադրիչների մասին (ուղիղ միացում)

09:39 • 21.01.14

Ուկրաինայի ընդդիմադիր «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Կիև են բերվել սադրիչներ, որպեսզի նրանք մեքենաներ այրեն, ցուցափեղկեր կոտրեն, գողություն անեն և կռիվներ սադրեն: Այս մասին ասված է երեքշաբթի առավոտյան «ՈւԴԱՌ» կուսակցության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում, գրում է lenta.ru-ն:

 

Կլիչկոյի կարծիքով՝ օգտագործելով սադրիչներին՝ իշխանությունները «ցանկանում են Կիևում քաոս ստեղծել», ապակայունացնել իրավիճակը, որպեսզի արտակարգ դրություն հայտարարելու առիթ ունենան:

 

«ՈւԴԱՌ»-ի առաջնորդը դիմել է Կիևի բնակիչներին՝ նրանց կոչ անելով զգոնություն պահպանել, սադրանքների չտրվել և ջոկատներ ստեղծել, որոնք կհետևեն Ուկրաինայի մայրաքաղաքում կարգապահությանը: Ոստիկանությունը, Կլիչկոյի խոսքով, Կիևում անվտանգության պահպանման խնդիրը չի ապահովում:

 

Վիտալի Կլիչկոյի մամուլի քարտուղար Օքսանա Զինովևան Facebook-ի իր էջում գրել է, որ «ՈւԴԱՌ»-ի առաջնորդն անձամբ է երկու սադրիչի բռնել, նրանց հարցաքննել է և զինաթափել: Վերջիններս Կլիչկոյին հայտնել են, որ իրենց բերել են Խերսոնից՝ Կիևում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

 

Նոյեմբերի վերջից սկսված բողոքի ակցիաները սրվել են օրերս, երբ Գերագույն ռադան ընդունեց քաղաքացիների իրավունքները սահմանափակող օրինագծեր։