Անհայտ անձինք առևանգել են «Եվրամայդանի» ակտիվիստ Իգոր Լուցենկոյին. ԶԼՄ-ներ

10:10 • 21.01.14

Լույս հունվարի 21-ին անհայտ անձինք Օկտյաբրսկայա հիվանդանոցի մոտ բռնել են «Եվրամայդանի» ակտիվիստներից Իգոր Լուցենկոյին և տարել անհայտ ուղղությամբ, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով «Украинская правда»-ին: Այդ մասին հայտնել են Facebook-ի օգտատերերը:

 

«Կորել է Իգոր Լուցենկոն: Նրան վիրավոր Յուրի Վերբիցկու հետ, որին նա իր մեքենայով բերել էր հիվանդանոց, անհայտ անձինք առևանգել են: Վիրավորից մնացել է անձնագրով վերարկուն, նա հասցրել է հանվել բժշկի մոտ: Մտել են, ոլորել են ձեռքերը և տարել՝ դա է ողջ տեղեկությունը: Դա եղել է մեկ ժամ առաջ, Իգորի հեռախոսները չեն պատասխանում: Բժիշկները լռում են, տեղում կարծես ոստիկանություն կար, Իգորի մեքենան մնացել է այնտեղ: Զանգեք ոստիկանության բաժիններ: Հայտնի չէ՝ ովքեր էին այդ մարդիկ, նրանք քաղաքացիական հագուստով են եղել»,- գրել է Մարիա Լեբեդևան:

 

Երկրում նոյեմբերի վերջից սկսված բողոքի ակցիաները սրվել են օրերս, երբ Գերագույն ռադան ընդունեց քաղաքացիների իրավունքները սահմանափակող օրինագծեր։ Իրավապահների և ցուցարարների բախումների հետևանքով վիրավորվել են հարյուրավոր մարդիկ։