Նորարարություն վնասվածքաբանության ոլորտում. օրթոպեդիայի գիտական կենտրոնը կոտրվածքների բուժման նոր եղանակ է առաջարկում
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնին հաջողվել է ստեղծել արդյունավետ ալգորիթմ, որը հնարավորություն է տալիս ցանկացած ոսկրային վնասվածքի դեպքում առավել սեղմ ժամկետներում ընտրել բուժման ամենաարդյունավետ եղանակը: Այս մասին Tert.am-ին հայտնեց կենտրոնի հետվնասվածքային բաժանմունքի բժիշկ-օրթոպեդ Կարեն Պողոսյանը:
«Այսինքն` անհրաժեշտ չի լինի, որ ոչ նեղ մասնագիտական բուժհաստատությունների վնասվածքաբանության բաժանմունքներն ունենան բարձրակարգ գործիքային հնարավորություններ: Օրինակ՝ եթե ռենտգենով պարզվել է, որ կոտրվածքը միջին-երրորդում է, ալգորիթմում տրված է տվյալ կոտրվածքի ամենաարդյունավետ բուժման տարբերակը»,-պարզաբանեց վնասվածքաբանը:
Նրա խոսքով` իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջարկված ալգորիթմային տարբերակով ավելի շուտ է հնարավոր լինում հիվանդին վերադարձնել իր առօրյային, իսկ բարդություններ ավելի քիչ են լինում, քան՝ այն ժամանակ, երբ բուժում նշանակելիս չի կիրառվում ալգորիթմով նախատեսված մեթոդը:
Կարեն Պողոսյանի խոսքով` կենտրոնում նման եզրահանգման են եկել 5 տարվա ընթացքում 346 հիվանդի վիրահատական միջամտության արդյունքում` հետևելով նաև բուժման հետվիրահատական ամբողջ ընթացքին:
«Այս մեթոդի կիրառման արդյունքում 20 տոկոսով նվազել են հետվիրահատական հնարավոր բարդությունները»,- նշեց բժիշկ-օրթոպեդը:
«Մեր ուսումնասիրությունների հիմնական գաղափարը հետևյալն էր` պարզել վնասվածքաբաններին հայտնի մեթոդներից ամենաարդյունավետը: Այսինքն` թե կոնկրետ տվյալ տրավմայի դեպքում ինչպիսի մեթոդի կիրառմամբ կարելի է ավելի արագ հասնել վերականգնողական փուլին: Խոսքն այն մասին է, երբ բուժհաստատությունների համապատասխան բաժանմունքները չունեն մասնագիտացված ու ժամանակակից տեխնիկական միջոցներ, սարքավորումներ: Հնգամյա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կարելի է լավ արդյունքների հասնել նաև ձեռքի տակ եղած ներկայիս տեխնիկական հնարավորությունները ճիշտ կիրառելով: Այսինքն` ընտրելով արդյունավետ բուժման փորձված սխեմա»,-ասաց Կարեն Պողոսյանը:
Բժիշկը նշեց, որ նախկինում կոտրվածքները ֆիքսվում էին գիպսոկապով: Հետո, տեխնիկական զարգացման փուլում, առաջարկվեց վիրահատական միջամտությունը. արվում էին մեծ կտրվածքներ` օտար միջոցներով շատ ամուր ֆիքսելով ոսկրային կոտրվածքները:
«Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ այս մոտեցումն այնքան էլ միանշանակ չէ: Միջամտությունները` օտար մարմինների առկայությունն օրգանիզմում, ոսկրերը քերելը և այլն, վնասում են օրգանիզմը` չթողնելով, որ բնությունն իր գործն անի: Մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ հիվանդին վիրահատելն անհրաժեշտ է, սակայն` փոքր վիրահատական մուտքերով, միաժամանակ` թույլ տալով, որ օրգանիզմն էլ իր հնարավորություններն օգտագործի: Այսինքն` հասկացանք, որ պետք չէ գերամուր ֆիքսել կոտրվածքը, ինչը մինչ այդ արվում էր, և ինչը խորհուրդ էր տալիս Օրթոպեդների միջազգային ասոցիացիան: Մենք կոտրվածքի շրջանում թույլ տվեցինք միկրոշարժունություն, որպեսզի բնությունը նույնպես իր «օրթոգիենեզն» անի արագ վերականգնման համար: Հնգամյա հետևողական աշխատանքը և վիճակագրական տվյալների համադրումը ցույց տվեցին, որ սա ամենաօպտիմալ տարբերակն է: Այսինքն` այս մոտեցման արդյունավետությունը փաստված է փորձով»,-վստահեցրեց բժիշկ-օրթոպեդը:
Նա նշեց, որ հիվանդները հաճախ դիմում են ոչ մասնագիտական բուժօգնության, և դա բերում է մի շարք բարդությունների: Իրենց հաճախ դիմում են այն ժամանակ, երբ հիվանդն արդեն ոչ մասնագիտական, անգամ` ոչ բժշկական` հեքիմական օգնություն է ստացել, սակայն անհրաժեշտ արդյունք չի տեսել: Կենտրոնը հաճախ ընդունում է բավականին լուրջ բարդություններով հիվանդների` սերտաճած կոտրվածքներ, կեղծ հոդեր, ոսկրի թարախային բորբոքում:
«Նման դեպքերում բուժումն արդեն պահանջում է մի շարք վիրահատական միջամտություններ: Առանց վիրահատությունների էլ հիվանդների մոտ զարգացած բարդությունները երբեմն բերում են ավելի բարդ հետևանքների: Ցավոք` կան դեպքեր, երբ ոչ ճիշտ բուժօգնություն ստանալու պատճառով առողջ մարդիկ հաշմանդամ են դառնում: Բժշկական վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս հիմնախնդիրը կա ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ աշխարհում»,-ասաց Կարեն Պողոսյանը` խորհուրդ տալով կոտրվածքների դեպքում չդիմել ինքնաբուժության, կամ` հեքիմների, սնխչիների:
«Մի տպավորիչ դեպք եղավ Սիսիանից. թոռան արմունկի հոդախախտը «բուժել էր» հեքիմ-տատը: Երբ մեր կենտրոն դիմեցին, արդեն առկա էին սարսափելի խնդիրներ: Փառք Աստծո, հնարավոր եղավ վերջույթի ֆունկցիաները վերականգնել` որոշակի սահմանափակումներով: Այդ դեպքից հետո հեքիմ-տատը հրաժարվել էր իր «առաքելությունից», քանի որ տեսել էր, թե իր «բուժումն» ինչ բարդությունների կարող է հանգեցնել: Ընդհանրապես` բժիշկները հեքիմների մասին չէն խոսում, սակայն, նման բարդություններ տեսնելով` հնարավոր չէ չխոսել»,-ասաց Կարեն Պողոսյանը:
Կենտրոնի վիճակագրությունը փաստում է, որ ձմռանը կոտրվածքների դեպքերն ավելի շատ են. սառցակալած փողոցները թե´ հետիոտնի համար են վտանգավոր, թե´ տրանսպորտի, այսինքն` շատանում են ընկնելու և ավտովթարների հետևանքով կոտրվածքներ ստանալու դեպքերը: Վերջին եռամսյակում արդեն կենտրոն է դիմել 150 տրավմատիկ հիվանդ:
«Մեքենայի ղեկին նստելիս զգույշ եղեք, հիշեք` մեքենան գրագետ վարելու, հաճախ զիջող լինելու դեպքում նման խնդիրների չեք բախվի»,-նշեց բժիշկ-օրթոպեդը` հետիոտնին էլ խորհուրդ տալով կոշիկ ընտրելիս հաշվի առնել սառցակալած փողոցների առկայությունը:










