Ուկրաինական ընդդիմությանը զայրացրած օրենքները տպագրվել են կառավարական թերթում

11:40 • 21.01.14

Ուկրաինական ընդդիմությանը զայրացրած օրենքները հրապարակվել են Գերագույն ռադայի «Голос Украины» թերթի էլեկտրոնային տարբերակում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով УНИАН գործակալությանը: 


Այդպիսով՝ օրենքներն ուժի մեջ կմտնեն արդեն հունվարի 22-ին:

 

Հունվարի 16-ին Ուկրաինայի Գերագույն ռադան մի շարք վիճելի օրենքներ է ընդունել: Մասնավորապես, քաղաքացիները, որոնք հավաքվում են վարչական հաստատությունների մոտ, կարող են ենթարկվել 10-օրյա կալանքի: Բացի այդ, զանգվածային ակցիաների ժամանակ շարֆեր, թաշկինակներ և սաղավարտներ կրելու համար ցուցարարները կարող են ենթարկվել մինչև 15 օր կալանքի, ցանկացած կառույցի տեղադրման համար՝ նույնպես 15 օր կալանքի:

 

Ռադան նաև օրենք է ընդունել, համաձայն որի հինգից ավելի ավտոմեքենայով ավտոշարասյամբ երթևեկելու համար սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում՝ ավտոմեքենայի առգրավմամբ: Համացանցում դատավորների, իրավապահ մարմինների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների մասին տեղեկություններ տարածելու համար սպառնում է մինչև երկու տարի ազատազրկում:

 

Համացանցում «էքստրեմիստական» բնույթի հաղորդագրությունների տարածման համար դրանց հեղինակը կարող է բանտ ուղարկվել մինչև երեք տարի ժամկետով: