Ժիրինովսկին առաջարկել է աշխատանքից հեռացնել 80 կիլոգրամից ավելի քաշ ունեցող պաշտոնյաներին
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է նոր չափանիշ մտցնել. Պետական դումայի պատգամավորների և պաշտոնյաների քաշը չպետք է գերազանցի 80 կիլոգրամը, ընդ որում՝ անկախ տարիքից, գրում է ria.ru-ն:
«Այժմ ողջ աշխարհը պայքարում է գիրության դեմ: Մենք սահմանում ենք չափանիշ՝ 80 կիլոգրամ: Բոլոր չինովնիկներին, որոնց քաշն ավելի է, աշխատանքից հեռացնե՛լ: Եվ պատգամավորներին: Դուք որքա՞ն եք կշռում, Ստարովոյտով»,- ասել է Ժիրինովսկին՝ դիմելով իր կուսակցին:
Պատգամավորը փորձել է արդարանալ՝ ասելով, որ նա բարձրահասակ է՝ 192 սմ: «Իսկ մենք թքած ունենք՝ որքան է հասակը: Քաշը որքա՞ն է»,- ասել է առաջնորդը և որպես պատասխան լսել 98 թիվը:
«98: Նիհարե՛ք: Ես 108 կիլոգրամ էի, արդեն 98 եմ, տարվա վերջին կլինեմ 90»,- հայտարարել է Ժիրինովսկին:
Նա նաև հիշատակել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, ով օրերս մեկ օր առանց շաքարի էր հայտարարել: «Գազավորված ըմպելիքներ նա չի խմում: Ոնց որ երեխա լինի, շուտով 50 տարեկան է դառնում տղամարդը, իսկ դեռ գազով հյութեր է խմում, կոնֆետներ ուտում: Շաքարը, աղը, թեյը, սուրճը թույն են: Դրանք բոլորը թմրանյութի թեթև տեսակներ են»,- ասել է Ժիրինովսկին:










