Ադրբեջանական սադրանքներին մենք պատասխաններ ենք տալու. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հունվարի 20-ին ադրբեջանական զինուժի կողմից իրագործված դիվերսիոն գործողության ժամանակ զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորության ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ ադրբեջանական սադրանքներն անպատասխան չեն մնա։
Նախարարը նշեց, որ Արմեն Հովհաննիսյանն ու իր ընկերները հերոսաբար մարտնչել են և արժանի պատասխան տվել հենց այդ պահին։ Սեյրան Օհանյանը նաև ասաց, որ Ադրբեջանը ապակառուցողական քայլերի է դիմում։
«Կառուցողական մոտեցում չի ցուցաբերվում նրանց կողմից, և մշտապես սադրանքները լինում են նրանց կողմից, որքան լինեն այդ սադրանքները, այնքան մենք պատասխանները տալու ենք»- ասաց Սեյրան Օհանյանը:
«Հակառակորդը, կրելով ծանր կորուստներ, մի քանի զոհ և շուրջ 25 վիրավոր, հետ է շպրտվել մեր դիրքերից, ընդ որում այդ խմբերի անդամներ են եղել հակառակորդի հատուկ նախապատրաստված ստորաբաժանումներ և հարձակումն իրականացվել է շուրջ երեք խմբի կազմով»,- մանրամասնեց նա՝ ավելացնելով, որ համարժեք պատասխանները միշտ եղել և լինելու են, սակայն այս պահին պետք է ընդգծել Արմենի սխրագործությունը, հերոսությունը:
Նախարարի խոսքով՝ այդ սխրագործությունը պետք է պարտավորեցնի առաջին հերթին լինել հայրենիքի սահմանների պաշտպանության նկատմամբ չափազանց պատասխանատու, հայրենասիրություն դաստիարակել սերունդներին և պատրաստ լինել նման դեպքերում բազմակի անգամ հակահարվածներ տալուն:
«Կարծում եմ, որ Արմենի օրինակը պետք է տարածվի, նրանով պետք է ոգեշնչվեն բոլոր զինվորները և ավելի անվտանգ և հանդուգն իրականացնեն իրենց առջև դրված գործողությունները»,-ասաց նա:
Անդրադառնալով շփման գծում տիրող լարվածությանը՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ շուրջ երկու օր է այն հասել է իր գագաթնակետին, ադրբեջանական կողմից կրակոցները բազմաթիվ են, երբևէ այս քանակությամբ կրակոցներ չեն եղել։
«Հասկանալի է, մտավախություն կա, որ պատասխաններ կլինեն, իսկ պատասխաններ անպայման կլինեն, մենք պահը կգտնենք»,– վստահեցրեց պաշտպանության նախարարը:
Ադրբեջանական կողմից ակտիվությունը Սեյրան Օհանյանը համարեց սադրանքներ, որոնք ուղղված են միջազգային հանրությանը և նպատակ են հետապնդում բանակցային գործընթացում շեղում մտցնել:










