Մենք առաջարկներ ենք ներկայացնում, այլ հարց է՝ մեզ կլսե՞ն, թե՝ ոչ. Վազգեն Սաֆարյան

14:03 • 22.01.14

Tert.am-ի հետ զրույցում Հանրային խորհրդի ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, անդրադառնալով հարցին, թե հասարակական հնչեղության հարցերին Հանրային խորհրդի միջամտությամբ ի՞նչ հարցեր են լուծվել, նշում է Կառավարության 2-րդ շենքը հյուրանոցի վերածելու հարցը, որի վերաբերյալ Հանրային խորհուրդը կարծիք արտահայտեց և այն դառնալու է ոչ թե հյուրանոց, այլ թանգարան: «Կառավարության շենքի գլխին գմբեթ տեղադրել-չտեղադրելու հարցի վերաբերյալ մեր կարծիքը հաշվի է առնվել: Ամառային կինոթատրոնը քանդել-չքանդելու վերաբերյալ մեր կարծիքը որոշակի դերակատարություն ունեցել է: Շատ-շատ հարցեր են եղել»,– ասում է նա:


- Պարոն Սաֆարյան, Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, որը «Զվարթնոցը» քանդելու «մաստեր պլան» էր ներկայացրել, օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու մասին հարցը բաց թողեց՝ ասելով, որ Էդուարդո Էռնեկյանի թիմը համաձայնել է այդ առաջարկին, բայց վերջնական որոշում դեռ չկա: Հիմա հասարակության համար այդպես էլ պարզ չդարձավ՝ շենքը կքանդվի՞, չի քանդվի: Ի վերջո, հասա՞ք նրան, որ շենքը չքանդվի, սա համարել Խորհրդի ձեռքբերում:
 

- Խնդիրը ձեռքբերման կամ ոչ ձեռքբերման մասին չի կարող լինել, սա ժողովրդին շատ հուզող խնդիր է, որի վերաբերյալ Հանրային խորհուրդն ունեցավ իր կարծիքը. 4 ենթահանձնաժողովներ միանշանակ կողմ արտահայտվեցին այդ համալիրի պահպանմանը, և ընդառաջ գնացին մեր ժողովրդի մի զգալի հատվածի ցանկությանը՝ պահելու այդ համալիրը: Ինչպես նաև՝ միջազգային ճարտարապետների մասնագիտական կարծիքին, որ դա սովետական պոստմոդեռնիզմի լավագույն նմուշներից է, և հորդորել են Հայաստանի իշխանություններին՝ այդպիսի կառույցները, որոնք 34 են, պահպանվեն: Եվ մեր ճարտարապետների ցանկությանն են ընդառաջ գնացել և հանրային կարծիքն ենք գնահատել՝ դիմելով Կառավարությանը, որ այդ կառույցի հետ հաշվի նստեն: Եվ հիմա կարծում եմ, որ հետագայում պետք է հանդիպում լինի ճարտարապետների, մի խումբ ընկերների և Էռնեկյանի հետ, և այդ հանդիպման ընթացքում վերջնական որոշում կկայացվի այդ կառույցի հետագա ճակատագրի հետագա տնօրինման համար:


-Այսինքն՝ վստահ չեք, որ չեն քանդի շենքը:


- Կառավարությունը իր վերջին նիստերից մեկում հանձնարարեց Քաղավիացիայի վարչության պետին՝ կազմակերպել հանդիպում ճարտարապետների և կոնցեսիոների հետ: Այսպիսին է այսօրվա Կառավարության մոտեցումը: Հստակ որոշումը՝ այն պահպանելու կամ քանդելու վերաբերյալ առկախված է: Դա կորոշվի իմ նշած հանդիպման ժամանակ:


-Պարո՛ն Սաֆարյան, ողջ աշունը հասարակությունը փոթորկվում էր կուտային պարտադիր բաղադրիչի ներդրման առիթով: Հանրային խորհուրդն էլ կարծեմ՝ դեմ էր արտահայտվել: Բայց դրանով ոչինչ չփոխվեց:


- Դա մեր հանձնաժողովի հարցը չի եղել, բայց ես մի քանի անգամ մասնակցել եմ այդ քննարկումներին, և մենք նույնպես գտել ենք, որ այստեղ պետք է գերակայի կամավորության սկզբունքը: Եվ եթե Կառավարությունը ունի հնարավորություն տարեկան 30-35 միլիոն դոլար ինքը հատկացնի այդ ֆոնդերին, ես օրինակ՝ այն կարծիքին եմ, որ եթե օրենքը Սահմանադրական դատարանը սահմանադրականության վերաբերյալ դրական որոշում կայացնի, պահպանվի կամավորության սկզբունքը, որ այդ գումարները, որոնք «երկար փողեր են» ուղղվեն Հայաստանի տնտեսությանը: Դառնան ներդրումներ Հայաստանի տնտեսության զարգացմանը: Ինչը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծման, և մեզանում, որ այսօր 480 հազար աշխատող ունենք և 550 հազար կենսաթոշակառու, սոցիալական խնդիր լուծի: Նորմալ երկրներում 2,5 աշխատողն է 1 թոշակառու պահում: Արդյունքում՝ մենք կունենանք նոր աշխատատեղեր, նոր ոլորտներ արտադրությունների, և աշխատողների քանակը կբարձրանա, ինչն էլ կլուծի այդ հարցը: Իսկ եթե մենք ուղղակի փող ենք կուտակում և այդ կուտակած փողը չի դառնում ներդրում, ապա խնդիրը նորից մնում է կիսալուծված:


- Պարոն Սաֆարյան, Ձեր ասածը ուղիղ համամատական դեմ է Կառավարության հռչակած նպատակներին մի կողմից, (որոնք ասում են՝ մենք կարող էինք չէ՞ այդ գումարները ուղղել արտադրության, բայց գերադասում ենք գնալ սերունդների համերաշխության ճանապարհով) և մյուս կողմից՝ հիմա տպավորություն է, որ պոստֆակտում եք խոսում: Հիմա արդեն, երբ բավականաչափ ջրեր են հոսել, Ձեր այս առաջարկը …


- Բայց գումարների տնօրինման խնդիրը միշտ էլ մնում է, որը միշտ էլ կարելի է փոփոխել: Այդ խնդիրը հո չի՞ լուծվել, այդ խնդիրը ապագա տարիների հարց է: Բայց քանի դեռ Սահմանադրական դատարանը, նորից եմ կրկնում, այդ հարցի վերաբերյալ իր կարծիքը չի հայտնել, նման խոսակցությունները մնում են ոչ … այսպես ասած՝ արդիական:


- Հանրային խորհրդի դերը, չեմ ասում՝ անձամբ Ձեր, ո՞րն է, եթե հասարակական լայն հնչեղություն ունեցող հարցերի նկատմամբ բնակչության պահանջներին համընկնող կարծիք բարձրաձայնում եք, բայց Կառավարությունը որոշում է, ԱԺ-ն որոշում է: Այսինքն՝ տպավորություն է, որ Խորհուրդը վերածվել է խորհրդատվական՝ խորհուրդներ ու առաջարկներ տվող մարմնի: Նաև՝ պոստֆակտում:


- Ո՛չ, մենք այդ հարցը քննարկել ենք մինչև օրենքի ընդունումը և մեր կարծիքը արտահայտել ենք, հրավիրել ենք նաև շահագրգիռ մարդկանց: Այլ խնդիր է՝ Հանրային խորհրդի ասածը՝ կլսեն, թե՞ չեն լսի: Մենք որոշում ընդունող մարմին չենք, մենք մարմին ենք, որը իր կարծիքը հայտնում է, այն կապ է ստեղծում հանրության և իշխանությունների միջև: Մենք խողովակի, կամրջի դեր ենք տանում: Հիմա կլեսե՞ն մեր կարծիքը, չե՞ն լսի, մենք նորից պնդելու ենք մեր կարծիքի իրավացիությունը:


- Բայց, եթե Խորհրդի կարծիքը, որպես կանոն, չեն լսում, այս կառույցի գոյությունը աննպատակ չէ՞, եթե որոշումների կայացման հարցում միջամտության որևէ լծակ չունեք: Իսկ խողովակի կամ կամրջի դեր ունեն նաև լրատվամիջոցները և սոցիալական ցանցերը, որոնց պահպանման համար պետբույջեից գումարներ չեն ուղղվում:


- Մենք էլ պետբուջեից չենք ֆինանասվորվում, և բյուջեից ծախսերը Հանրային ծախսերը չնչին գումարներ են, փոքրիկ ապարատի պահպանման: Իսկ Հանրային խորհրդի անդամները, հիշեցնեմ, որ աշխատում են հասարակական հիմունքներով: Եվ երկրորդ. վերջերս Հանրային խորհրդի նախագահը մի էսպիսի արտահայտություն արեց.«Եթե Հանրային խորհրդի բոլոր առաջարկները ընդունվեն միանշանակ, այդ դեպքում մենք դառնում ենք վերպետական մի մարմին»: Այսինքն՝ Սահմանադրական դատարանից էլ բարձր մարմին կդառնա, բայց էդպիսին չի նրա կարգավիճակը: Նրա կարգավիճակը հանրային կարծիքը ներկայացնելն է, և ինչ-որ տեղ նաև հանրային կարծիք ձևավորելը:


-Կարո՞ղ եք այսպես ասած՝ վիճակագրություն ներկայացնել, թե Խորհրդի առաջարկներով ինչ օրենքներ են ընդունվել, որոշումներ՝ կայացվել կամ կասեցվել: Բնականաբար, խոսքը հանրային հնչեղություն ստացած խնդիրների մասին է:


- Շատ հարցեր են եղել: Օրինակ՝ Կառավարության 2-րդ շենքը հյուրանոցի վերածելու հարցը, որի վերաբերյալ Հանրային խորհուրդը կարծիք արտահայտեց և այն դառնալու է ոչ թե հյուրանոց, այլ թանգարան: Կառավարության շենքի գլխին գմբեթ տեղադրել-չտեղադրելու հարցի վերաբերյալ մեր կարծիքը հաշվի է առնվել: Ամառային կինոթատրոնը քանդել-չքանդելու վերաբերյալ մեր կարծիքը որոշակի դերակատարություն ունեցել է: Շատ-շատ հարցեր են եղել: Հանրային խորհուրդը նաև ինքը Հանրապետության նախագահի կողմից բարձրացված հարցերի շուրջն է կազմակերպում հանրային քննարկումներ. համաներումների վերաբերյալ, հայ-թուրքական սահմանի վերաբերյալ: Այնպես որ, Հանրային խորհուրդը հարթակ է, որտեղ հասարակական կազմակերպությունները ունենում են հնարավորություն՝ իրենց կարծիքը արտահայտելու և այն հասցնում է և՛ հանրապետության նախագահին, և՛ Կառավարություն: