Ուկրաինայի վարչապետն ահաբեկիչ է անվանել ցուցարարներին և ասել` ով է մեղավոր մահվան դեպքերի համար
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը Կիևի անկարգությունների մասնակիցներին ահաբեկիչ է անվանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ահաբեկիչների ցինիզմն ու անբարոյականությունը հասել է նրան, որ նրանք Մոլոտովյան կոկտեյլներ են նետում ողջ մարդկանց վրա… Նրանք սպառնում են յուրաքանչյուր քաղաքացու կյանքին»,- մասնավորապես ասել է պաշտոնյան:
Ազարովը կառավարության նիստին հայտարարել է նաև, որ Գրուշևսկի փողոցում բախումների հետևանքով զոհերը ցուցարարների խղճին են: Նա նշել է, որ նման հայտարարություն է անում պաշտոնապես և պահանջում, որպեսզի իրավապահները հետաքննեն մահվան ելքով միջադեպերը:
Հակասական տվյալների համաձայն` Կիևում ընդհուպ մինչև 3 մարդ է զոհվել: Հաստատված է, որ կա առնվազն մեկ զոհ` ի դեմս հայազգի ակտիվիստ Սերգեյ Նիկոյանի, ով մահացել է հրազենային վնասվածքներից:










