Ադրբեջանում շատ են Ստալինի հայացքով մարդիկ. բրիտանացի նկարիչ

10:11 • 22.01.14

Լոնդոնից Սինգապուր թռչող ինքնաթիռը, որը հարկադիր վայրէջք էր կատարել Բաքվի օդանավակայանում, շարունակում է մնալ բրիտանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. գրում է haqqin.az-ը։

 

Այդ չվերթի 77-ամյա ուղևոր, բրիտանացի նկարիչ Բիլ Մենդին Henley Standart թերթին տված հարցազրույցում պատմել է, որ Բաքվի օդանավակայանում ուղևորները ոչ պակաս սթրես են ապրել, քան ինքնաթիռի անսարքության մասին իմանալու ժամանակ։

 

Խնդիրը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքնաթիռը թռչելիս է եղել Աֆղանստանի օդային տարածքով։ Կտրուկ ընկել է ճնշումը, բացվել են թթվածնային դիմակները։

 

«Ինքնաթիռը կորցնում էր բարձրությունը։ Մենք մտածում էինք, որ կզոհվենք։ Ավելի քան 3 ժամ ստիպված եղանք թռչել սարսափելի մթության մեջ»,-պատմել է նա։

 

Ավելի ուշ ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում, և ուղևորները ստիպված են եղել օդանավակայանում 18 ժամ անցկացնել։

 

«Մեզ տեղավորեցին տարանցիկ սրահում, սակայն երկար ժամանակ ոչ ոք չէր մոտենում։ Միայն 2 ժամ անց մեզ ջուր առաջարկեցին։ Մենք շրջապատված էինք սև կոստյումներով մարդկանցով, որոնց հայացքը նման էր Ստալինի հայացքին։ Ոչ ոք չգիտեր՝ ինչ անել մեզ հետ»,-պատմել է ուղևորը։

 

Singapour Airlines ավիաընկերությունը 60 հազար դոլար է վճարել ուղևորների համար վիզա ձեռք բերելու համար, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ օդանավակայանի տարածքից և մի քանի ժամ շրջեն քաղաքում։


«Նրանց մոտ ամեն ինչ կոմունիստական էր։ Անձնագրում կնիք ստանալու համար ստիպված եղանք մի քանի ժամ հերթ կանգնել։ Իմ բախտը բերեց, քանի որ ես առջևում էի կանգնած։ Ավիաընկերությունն ուղևորների համար հյուրանոցում համարներ էր ապահովել, որպեսզի ուղորները կարողանան փոքր-ինչ հանգստանալ և լոգանք ընդունել»,-ասել է նկարիչը։

 

Բրիտանացի գեղանկարիչը նաև պատմել է այն մի քանի ժամերի մասին, որն անցկացրել են Բաքվում։
 

«Բաքուն բավական մեծ քաղաք է՝ մեծաթիվ գեղեցիկ շենքերով։ Բայց թվում է՝ մեր տաքսիստը մոլորվել էր և երկար ժամանակ չէր կարողանում գտնել հյուրանոցը։ Նա մի քանի շրջան գործեց և ի վերջո մոտեցավ հասցեին»,-պատմել է նա։
 

Հյուրանոցում գրանցվելը ևս մեկ ժամ է տևել։ Վերջապես ուղևորները լոգանք են ընդունել, սակայն չեն կարողացել փոխվել, քանի որ իրերը մնացել են ինքնաթիռում։ «Սնունդը ևս սարսափելի էր»,-ասել է նա։