Կիևի Գրուշևսկու փողոց մարտական մեքենաներ են բերվել (թարմացված, ուղիղ միացում)

15:16 • 22.01.14

15.58


 
«Ուկրաինսկայա պրավդա»-ն և «Դոժդ» հեռուստաալիքը Twitter սոցկայքում հայտնում են կենտրոնական Գրուշևսկու փողոց մարտական մեքենաներ մտցնելու մասին։

 




Կիևում «Բերկուտ»-ի հատուկջոկատայինները ցուցարարներին հետ են մղել կենտրոնական Գրուշևսկու փողոցից և զբաղեցրել Եվրոպական հրապարակը, գրում է korrespondent.net-ը:


Ցուցարարները զանգվածաբար հետ են քաշվել Գրուշևսկու փողոցից: Դեպքի վայրում լսվում են պայթյունների ձայներ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են «մաքրել» Կիևը, որտեղ տեղի են ունենում վերջերս անկարգությունների վերաճած ընդդիմության բողոքի հանրահավաքները։ Անվտանգության ու պաշտպանության ազգային խորհրդի աղբյուրի տեղեկություններով՝ իշխանությունը պլան է մշակել, որի համար նախատեսվում է ներգրավել ուժային կառույցների հազարավոր աշխատակիցների:

 

Ի դեպ, հաղորդվում է, որ գիշերվա ընթացքում Կիևում առևանգվել է 50-ից ավելի մարդ, ականատեսների խոսքերով՝ նրանց դաժանաբար ծեծել են և տարել անհայտ ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է ria.ru-ն, այդ մասին իր կայքում հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը:

 

Հաղորդագրությունում նշվում է, որ գիշերվա ընթացքում Կիևի փողոցներում անհայտ անձինք զանգվածային անկարգություններ են կազմակերպել, կոտրել դռներ ու պատուհաններ և մարդկանց առևանգել, մարմնական վնասվածքներ հասցրել խաղաղ քաղաքացիներին, այրել ավտոմեքենաներ: Ընդդիմությունն իր հերթին հայտարարել էր, որ գիշերվա ընթացքում ակտիվիստները մի քանի վարձու սադրիչների են բռնել:

 

Կիրակի օրվանից՝ հունվարի 19-ից, Կիևի կենտրոնում տեղի են ունենում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ: Հաղորդվում է 3 զոհի մասին, որոնցից մեկը հայ է։