Facebook-ին քննադատել են մարիխուանայի գովազդից հրաժարվելու համար
Թեև ԱՄՆ որոշ նահանգներում թույլատրվում է մարիխուանա վաճառել և գնել, ընդ որում՝ ոչ միայն բժշկական նպատակներով, խոշոր ինտերնետ ընկերությունները հրաժարվում են գովազդել այդ թմրանյութը նույնիսկ այնտեղ, որտեղ դա օրինական է։ Այդ պատճառով, թմրանյութ արտադրողները խիստ քննադատության են ենթարկել նրանց, գրում է hitech.vesti.ru-ն։
Ինչպես նշել է Կանեփ արտադրողների ազգային միության ներկայացուցիչ Թեյլոր Վեսթը, կազմակերպությունը բազմիցս փորձել է ավելացնել գրառումները Facebook-ի իր էջում, սակայն մարիխուանա արտադրողներին մերժել են։
Facebook-ի ներկայացուցիչը նշել է, որ սոցկայքն իսկապես թույլ չի տալիս մարիխուանայի կամ դրա օգտագործման գովազդ, սակայն դեմ չէ թմրանյութի օրինականացման պաշտպանության վերաբերյալ քաղաքական գովազդին։
Google ընկերությունը նույնպես մերժում է մարիխուանան գովազդող հայտարարությունները։ Որոնողական խոշոր կայքի գովազդային համակարգի կանոններում նշվում է, որ չի կարելի գովազդել «նյութեր, որոնք միջամտում են ուղեղի աշխատանքին՝ առաջացնելով անբնական էյֆորիա, կամ փոխում են իրականության ընկալումը»։










