Վատիկանը կգաղտնազերծի Հոլոքոստի ժամանակների արխիվները

09:33 • 22.01.14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր է գաղտնազերծել Վատիկանի արխիվներում պահվող տվյալների մի մասը, տեղեկացնում է Euromag-ը։

 

Հայտնի է, որ դրանք լինելու են Հոլոքոստի ժամանակ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու գործունեության վերաբերյալ փաստաթղթեր։


Մասնավորապես՝ այդ փաստաթղթերում նշվում է, թե ինչ օգնություն է ցույց տվել Հռոմի պապ Պիուս XII-րդը հրեաներին։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Պիուս XII-րդի որոշմամբ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Սուրբ աթոռի ներկայացուցիչները նացիստներից թաքցրել են հրեաներին։ Հայտնի է, որ հոգևորականները դա արել են՝ նրանց կեղծ անձնագրեր տալով։

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է։ 1945թ. այդ օրը խորհրդային բանակն ազատել է նացիստական ամենամեծ համակենտրոնացման ճամբարը՝ «Օսվենցիմը», որը կառուցվել էր Լեհաստանի տարածքում։