Human Rights Watch-ի՝ Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույցը ներկայացնում է ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը. իրավապաշտպան

21:33 • 22.01.14

Human Rights Watch-ի՝ Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույցն ամբողջովին ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը: Tert.am-ի հետ զրույցում Human Rights Watch հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպության 24-րդ ամենամյա զեկույցի վերաբերյալ այսպիսի գնահատական տվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
 


«Այն, իհա´րկե, բավական ընդհանուր է, ավելի մանրամասն անդրադարձել եղել է ընթացիկ արձագանքներում: Բայց այն, ինչին անդրադարձել է Human Rights Watch-ն իր զեկույցում, ամբողջովին ճիշտ է։ Այո՛, իրապես ճիշտ է գնահատվել, որ ընտրություններն ազատ և արդար չեն եղել, շատ ճիշտ են խոշտանգումների վերաբերյալ գնահատականները»,-ասաց Արթուր Սաքունցը:

 


Իրավապաշտպանի գնահատմամբ՝ կան այլ բնագավառներ, որտեղ նույնպես խնդիրներ ունենք, բայց Human Rights Watch-ն առանձնացրել է այն հիմնական մտահոգությունները, որոնք գոյություն ունեն մարդու իրավունքների բնագավառում:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ևս գտնում է, որ զեկույցը բավական օբյեկտիվ է:

 


«Human Rights Watch-ը միջկառավարական կազմակերպություն չէ, վեր է քաղաքական որևէ կողմնորոշումից և, ընդհանրապես, միշտ անաչառ ներկայացնում է տարբեր երկրներում մարդու իրավունքների վիճակը»,-ասաց Ավետիք Իշխանյանը՝ շարունակելով, թե այդ համատեքստում այս տարվա զեկույցը ևս բացառություն չէ: