Նախախորհրդարանն իր խոսքը կասի «Զվարթնոցի» հին մասնաշենքի փրկության համար, բայց դա միայն մեր մենաշնորհը չէ. Տիգրան Խզմալյան
Կառավարության՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդմանը հավանություն տալու առաջարկին Նախախորհրդարանն, իհա´րկե, կարձագանքի, բայց կպարտվի, եթե հանրությունը նրա հետ ոտքի չկանգնի: Այս մասին Tert.am-ին ասաց Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խազմալյանը։
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդումը Տիգրան Խզմալյանը հերթական ազգային ողբերգությունը որակեց։
«Սա ազգային ողբերգություն է, ազգային խայտառակություն, և, բնականաբար, Նախարոհրդարանն իր խոսքը պետք է ասի և դեռ կասի, բայց մենք չպետք է որպես քաղաքացի փնտրենք, թե կոնկրետ ով ինչ կանի։ Սա ապտակ է մեզ՝ բոլորիս, սա վերաբերմունք է զավթիչ վարչախմբի կողմից, վերաբերմունք է նաև մեր անցյալին, մեր պատմությանն ու հիշողությանը։ Սա կուսակցական, որևէ քաղաքական ուժի խնդիր չէ»,-ասաց նա։
Տիգրան Խազմալյանը նշեց, որ ճարտարապետական կոթողի պահպանությունը Նախախորհրդարանի մենաշնորհը չէ։
«Մենք կկազմակերպենք, մենք ինքներս կգնանք, եթե պետք լինի, կկանգնենք ու կպառկենք, սակայն մենք կպարտվենք, եթե հանրությունը չհասկանա, որ սա վերաբերում է մեզ բոլորիս»,-զգուշացրեց նա։










