Կիևում բողոքի ակցիայի 22-ամյա ակտիվիստ է մահացել

09:43 • 22.01.14

Կիևի հիվանդանոցներից մեկում մահացել է 22-ամյա ակտիվիստ, որն ընկել է «Դինամո» մարզադաշտի 13-մետրանոց սյունաշարից ցուցարարների և իրավապահների միջև բախումների ժամանակ, գրում է «Взгляд»-ը` հղում անելով «Сегодня»-ին:

 

Ակտիվիստի մահվան մասին լուրը հայտնվել է սոցիալական ցանցերում, այնուհետև այն հաստատել են Մայդանի ինքնապաշտպանության շտաբում: Մահացածի անունը դեռ հայտնի չէ:

 

Սյունաշարից ակտիվիստներն ուժայինների վրա դյուրավառ հեղուկով շշեր են նետել: Երբ «Բերկուտի» մարտիկները բարձրացել են սյունաշարի վրա, ցուցարարների մեծ մասը հասցրել է իջնել, սակայն նրանցից երկուսը մնացել են այնտեղ: Ակտիվիստներից մեկն ընկել է գետնին և ստացել ծանր վնասվածքներ:

 

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անկարգությունների ժամանակ վիրավորվել է իրավապահ մարմինների մոտ 120 աշխատակից, որոնցից 80-ը հոսպիտալացվել է: Բացի այդ, վիրավորվել է 100-ից ավելի ցուցարար, նրանցից մի քանիսը հիվանդանոց են տեղափոխվել ծանր վնասվածքներով: