Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են «մաքրել» Կիևը. ԶԼՄ-ներ

10:59 • 22.01.14

Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են «մաքրել» Կիևը, որտեղ տեղի են ունենում վերջերս անկարգությունների վերաճած ընդդիմության բողոքի հանրահավաքները, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Зеркало недели»-ին:

 

Անվտանգության ու պաշտպանության ազգային խորհրդի աղբյուրի տեղեկություններով՝ իշխանությունը պլան է մշակել, որի համար նախատեսվում է ներգրավել ուժային կառույցների հազարավոր աշխատակիցների: Նախատեսվում է ներքին զորքերի մոտ 4.600 մարտիկի, 1.500 ոստիկանի և մոտ նույնքան «Բերկուտ» հատուկ ջոկատի աշխատակիցների մասնակցություն: Օպերացիան ղեկավարելու են Կիևի քաղաքային և շրջանային ոստիկանության պետերի տեղակալները:

 

Աղբյուրի համաձայն՝ նվազագույն խնդիրն «ամբողջական վերահսկողություն հաստատելն է» քաղաքի կենտրոնում՝ Գրուշևսկու փողոցում, ինչպես նաև Եվրոպական հրապարակում: Գերագույն նպատակը՝ Մայդանի ամբողջական «մաքրումը», որտեղ արդեն մոտ երկու ամիս տեղի են ունենում ընդդիմության հանրահավաքները:

 

Դրան զուգահեռ՝ թերթը տարածել է տեղեկություն, որ իշխանությունները, որոնք ավելի վաղ համաձայնվել են ընդդիմության հետ բանակցությունների, մտադիր չեն դրանք շարունակել: Նախագահական գրասենյակի աղբյուրի խոսքով՝ բանակցություններին իշխանությունների համաձայնության պատճառը եղել է «ժամանակ ձգելու և ուժեր վերախմբավորելու» ցանկությունը: