ԶԼՄ-ները հայտնել են «Եվրամայդանի» երկրորդ զոհի մասին

10:30 • 22.01.14

Կիևի Գրուշևսկու փողոցում բախումների ժամանակ մահացել է ցուցարարներից մեկը: Երիտասարդը ստացել է չորս հրազենային վնասվածք և մահացել է հունվարի 22-ի առավոտյան, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով BBC-ի ուկրաինական ծառայությանը:

 

Այժմ սպանվածի անձը պարզվում է: Նա գտնվում է Գրուշևսկու փողոցի բուժկենտրոնում: Այնտեղ թույլ են տվել մոտենալ քննչական խմբին, հաղորդում է censor.net.ua-ը:

 

Մահացածի մասին տեղեկությունը հաստատել են Facebook-ի «Եվրամայդան-SOS» էջում: «Քիչ առաջ հաստատվել է տեղեկությունը: Զանգել են Գրուշևսկուց: Մարդ է սպանվել: Մահը հրազենային վնասվածքից է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ հաղորդվում էր ևս մի ակտիվիստի մահվան մասին: Նա ընկել է «Դինամո» մարզադաշտի 13-մետրանոց սյունաշարի վրայից, որտեղից ցուցարարները ոստիկանության վրա դյուրավառ հեղուկով շշեր են նետել: