Լուկաշենկոն Ուկրաինայում ճգնաժամի պատճառը տեսնում է Յանուկովիչի որդու բիզնեսի առկայության մեջ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սարսափ ու աղետ է համարում Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը, գրում է gazeta.ru-ն:
«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, սարսափ է, աղետ: Դա իմ գործը չէ, այնտեղ առանց ինձ էլ կպարզեն հարցերը, ինձ խնդրեն, ես կասեմ՝ «այո» կամ «ոչ», կօգնեմ, թե ոչ»,- ասել է Լուկաշենկոն:
«Հույս ունենանք, որ ամեն ինչ նորմալ կլինի՝ ԱՊՀ-ում Ուկրաինայի նախագահության տեսանկյունից, ոչ ոք չի հետաձգի ԱՊՀ-ի գագաթնաժողովը, հակառակը, ես համոզված եմ՝ Յանուկովիչը կձգտի, որ այդ գագաթնաժողովն անցկացվի իրենց մոտ, իսկ մենք և Ռուսաստանը, և մյուսներն այդկերպ կաջակցենք Ուկրաինային և այնտեղ կայունությանը, և ներկայիս նախագահին, քանի որ նա իշխանության գլխավոր ներկայացուցիչն է»,- ասել է Լուկաշենկոն: Նա հավելել է. «Մնացած հարցերը նրանք պետք է ինքնուրույն պարզեն: Չափազանց շատ հավակնություններ ունեն առանձին գործիչներ»:
Ըստ Լուկաշենկոյի՝ Ուկրաինան հիանալի երկիր է՝ հիանալի ժողովրդով։ «Եվ այդ խառնաշփոթն այսպես կոչված՝ շուկայի հետ, որտեղ կլանները բաժանել են երկիրը, ահա թե ինչի է հանգեցնում: Հենց նախագահի որդիները սկսում են բիզնես ունենալ, աղետի սպասիր: Հենց կանանց կամ սիրուհիների գլխին թագ է հայտնվում, աղետի սպասիր»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաև կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակի վրա ազդում են արտաքին ուժերը:










