Ընկերությունը ցանկանում է շահագործել Մագելի քարանձավը. Բնապահպաններն ահազանգում են՝ այն հայտնվել է լուրջ վտանգի առջև
Վայոց ձորի մարզի Նորավանքի կիրճում գտնվող Մագելի քարանձավը հայտնվել է լուրջ վտանգի առջև: Բնապահպանության նախարարությունը հայտ է ստացել այն զբոսաշրջության վայր դարձնելու համար, բնապահպաններն էլ ընդդիմանում են՝ հայտարարելով, որ քարանձավում իրականացվող ցանկացած քայլ մեծ վտանգ կհասցնի կենսաբազմազանությանը. այնտեղ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ կան:
Խնդրի շուրջ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Սևակ Բալոյանը ներկայացնելով նախարարության դիրքորոշումը՝ ասաց, որ այդ քարանձավի շահագործման խնդիրը դեռևս 2010թ.-ից է առաջացել, մի կազմակերպություն հայտ է ներկայացրել այնտեղ զբոսաշրջության զարգացման համար որոշակի փոփոխություններ անել:
«Արդյունքը եղավ այն, որ նախարարությունն առաջարկեց փորձաքննություն իրականացնել, և այս պահին դեռ վաղ է խոսել շահագործման մասին։ Քարանձավը տուրիստական երթուղի օգտագործելու համար դեռ պետք է բնապահպանական փորձաքննության արդյունքները պարզ լինեն»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ առանց դրական եզրակացության, ոչ մի ծրագիր չի իրականացվի:
Վերջինիս խոսքով՝ առաջնահերթ խնդիր է դրված կենսաբազմազանության պահպանումը:
Ձեռքաթևավորների մասնագետ, պրոֆեսոր Էդուարդ Յավրույանն էլ հակադարձեց, թե ցանկացած միջամտություն վտանգում է կենսաբազմազանությանը: «Այնտեղ կա տեսակ, որը Կարմիր գրքում է գրանցված, նկարահանելը և մարդու կողմից կատարվող այլ գործողությունները քարանձավում հակառակ ռեակցիա է տալու, ցանկացած միջամտում այնտեղ վնաս է հասցնելու կենդանիներին»,-ասաց նա:
Քարանձավում բնակվող 10 կենդանատեսակներ Կարմիր գրքում են գրանցված, որոնք, բնապահպանների պնդմամբ, այդ ծրագիրն իրականացնելու դեպքում կարող է վերանան: «Այնտեղ ապրող չղջիկները եթե ինչ-որ պատճառով ժամանակից շուտ արթնանան, մահանում են»,-ասաց ձեռքաթևավորների մասնագետը:











