Հյուսիսային պողոտայում մոմավառություն ՝ ի հիշատակ դիվերսիայի հետևանքով զոհված զինվորի (լուսանկարներ)

13:40 • 22.01.14

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը հարգելու համար մի խումբ քաղաքացիների նախաձեռնությամբ այսօր մոմավառություն տեղի ունեցավ Երևանի Հյուսիսային պողոտայում:


Քաղաքացիների թիվը թեև շատ չէ, բայց հատկանշական է, որ բացի նախապես տեղյակ մարդկանցից՝ ակցիայի նախաձեռնողներից ու մասնակիցներից, միանում են նաև սովորական անցորդներ. մոմ են վառում զինվորի նկարի առաջ ու հեռանում:


Նախաձեռնողներից Սոսե Չանդոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսկերպ իրենց խորին ցավակցությունն են հայտնում զինվորի ծնողներին: «Սա միայն իրենց վիշտ չէ, բոլորիս համար էլ շատ ցավալի է, քանի որ Արմենը զոհվեց մեր հայրենիքի սահմանները պաշտպանելիս»,- ասաց Սոսե Չանդոյանը:


Հիշեցնենք, որ այսօր Եռաբլուր պանթեոնում տեղի կունենա Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորության արարողությունը: