Պուտինն ու Օբաման խոսել են Օլիմպիադայի և Սիրիայի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսով քննարկել են Սոչիի Օլիմպիական խաղերը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը։
Երկու երկրների առաջնորդները քննարկել են ռուս-ամերիկյան շահերի ապահովումը, այդ թվում՝ «Սոչիում Օլիմպիադայի անվտանգ անցկացումը, ինչի կապակցությամբ ԱՄՆ-ն առաջարկել է իր աջակցությունը», նշվում է փաստաթղթում։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը նշել էր, որ Պուտինն ու Օբաման հեռախոսով քննարկել են հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում մեկնարկող «Ժնև-2» համաժողովի թեման՝ Սիրիան, և Իրանի միջուկային խնդրի կարգավորման պայմանավորվածությունները։
Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացումների վերաբերյալ՝ շեշտելով առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը։










