Ուկրաինայի հայերի միության նախագահը կոչ է արել չմասնակցել անօրինական միջոցառումներին

17:40 • 22.01.14

Ուկրաինայի հայերի միության նախագահ, պատգամավոր Վիլեն Շատվորյանը մեկնաբանել է Կիևի ցույցերի ընթացքում ազգությամբ հայ Սերգեյ Նիկոյանի սպանության փաստը, տեղեկացնում է analitikaua.net-ը։

 

«Ելնելով Ներքին գործերի նախարարության հայտարարությունից այն մասին, որ իրավապահները մարտական զենք չեն ունեցել, մեզ հետաքրքրում են ողբերգության մանրամասները»,-հայտարարել է նա։

 

Նա Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին կոչ է արել չտրվել սադրանքներին և չմասնակցել անօրինական միջոցառումներին։

 

«Ուկրաինայի հայերի միությունը վճռականորեն կողմ է արտահայտվում սահմանադրական իրավունքների և քաղաքացիների ազատությունների պահպանմանն ու դատապարտում է ցանկացած անօրինական գործողություն։  Երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, անկախ ազգային պատկանելությունից, անհանգստացնում են Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին։ Մեր պարտքն է անել մեզնից կախված ամեն ինչ՝ հանրության ներսում կայունության պահպանման համար»,-հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահը։